Հայերեն   English   Русский  

Սերունդ կրթելու փոխարեն` դեպի խոպան


  
դիտումներ: 1287

«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:

Երբ արդեն 4-րդ օրն էր, ինչ պետական այս հիմնարկից վազում էի մյուսը` հիվանդանոցից` ՔԱԿԳՎ բաժին` «դասական հայերենով» ասած` ԶԱԳՍ, այնտեղից` նորից հիվանդանոց, այնտեղից` թաղապետարան, թաղապետարանից` սոցապ բաժին, սոցապից` ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, հետո` նորից սոցապ, ընթացքում մի ամբողջ թղթապանակ փաստաթղթերի պատճեններ անելով, այս բյուրոկրատական քաշքշուկի նախավերջին օղակում` անձնագրային և վիզաների բաժնում Անուշին հանդիպեցի: Ուսից կախված «կենգուրուի» մեջ փաթաթված նորածնին գրկած` նա լուռ լսում էր բաժնի աշխատակցուհու ցուցումներն ու փորձում հասկանալ, թե ուր պետք է ներկայացնի երեխայի սոցիալական համարանիշը, որպեսզի ստանա երեխայի ծնվելու կապակցությամբ պետության կողմից միանվագ տրամադրվող նպաստը:
Անուշին ցուցումներ տվող աշխատակցուհին նրան ուղղորդում էր նույն անիմաստ տեղը` թաղապետարան, որտեղ, իբրև, պետք է լիներ սոցապ բաժինը: Քանի որ ընդամենը 2 օր առաջ էի նույն ճանապարհով անտեղի անցել, հետո ինքնուրույն գտել, թե ուր, երբ ու ինչպես պետք է գնամ թղթաբանական ամբողջ շղթան ավարտելու համար, միանգամից մեջ ընկա ու Անուշին ասացի, թե իրականում ուր պետք է գնա: Նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ: Նրանից հետո ինձ էլ տվեցին նորածիններին տրամադրվող սոցիալական համարանիշը հավաստող տեղեկանքը, ու ես էլ դուրս եկա: Անուշն անվստահ քայլերով գնում էր իմ մատնանշած ուղղությամբ, ասացի, որ ես էլ եմ սոցապ բաժին գնում, ցանկության դեպքում կարող է ինձ հետ գալ` տեղը հաստատ իմանալու համար: Ուրախացավ ու քայլեց:
Հասանք սոցապ բաժին, գործավարուհին խնդրեց սպասել, մինչև համապատասխան աշխատակցուհին կվերջացներ մեկ այլ քաղաքացու սպասարկելը: Ժամանակը սպանելու համար սկսեցինք դեսից-դենից զրուցել: Այդ ընթացքում հավանաբար իմ հանդեպ Անուշի վստահությունը մեծացավ, հետո էլ երբ իմացավ, որ թերթում եմ աշխատում, մի փոքրիկ պատմություն պատմեց իր մասին:
Անուշի ծնողները բանվոր են, ներկայումս` գործազուրկ: Հինգ տարի առաջ ավարտել է մանկավարժական համալսարանը և այդպես էլ ըստ մասնագիտության աշխատանք չի գտել: Համալսարանն ավարտելուց երկու տարի անց ամուսնացել է: Ամուսնու հետ տեղափոխվել է ապրելու վարձու բնակարանում: Սկզբում ամուսինը պտուղ-բանջարեղենի մի փոքրիկ կրպակ է բացել իրենց բակում ու դրանով սկսել ընտանիքի հոգսը հոգալու համար վաստակել:
«Սկզբում գործերը վատ չէին, ես օգնում էի Հովիկին (ամուսնու անունն է), առևտուր էինք անում ու ապրում: Համենայն դեպս` և՛ տան վարձն էինք վճարում, և՛ մենք էինք կարողանում լավից-վատից ապրել: Գոհ էինք: Բայց ամսից ամիս մեր առևտուրը նստեց` մարդիկ կամաց-կամաց սկսեցին ավելի քիչ այցելել մեր կրպակ, այցելելիս էլ` ավելի քիչ առևտուր անել: Դե բոլորի վիճակն էլ նույնն ա, մարդիկ փող չունեն: Ամուսինս էլ, կրպակի ապրանքը չդատարկվելու համար միշտ թարմ ապրանք էր բերում, ու քանի որ մեր ապրանքը շուտ փչացող էր ու արդեն քիչ էր ծախվում, գործերը սկսեցին վատանալ, կամաց-կամաց պարտքեր սկսեցին կուտակվել: Հարկայինը, սանէպիդկայանը, կրպակի մնացած բոլոր ծախսերն էլ մի կողմից` ամսեամիս ընկանք պարտքերի տակ»,- պատմեց Անուշը:
Երեք տարի առաջ, երբ ծնվեց նրանց առաջնեկը, Անուշի ամուսինը երեխայի քառասունքը դուրս գալուց հետո որոշեց մեկնել արտագնա աշխատանքի` խոպան: Ամուսիններով որոշում են, որ ամուսինը կգնա, բարեկամի մոտ մի քիչ կաշխատի, կվերադառնա: Իսկ Անուշն այն ժամանակ ոչ մի կերպ չէր մտածում Հայաստանը լքելու մասին:
«Ամուսինս գնաց, սկսեց աշխատել, սկսեց նաև գումար ուղարկել: Բայց հետո Ռուսաստանում վիճակը վատացավ, ու նա ամեն անգամ սկսեց ավելի քիչ գումար ուղարկել: Ստիպված էի փոխել վարձով բնակարանը, գումարը չէր հերիքում, իսկ նախկին բնակարանը համեմատաբար ավելի թանկ էր, ամեն կերպ սկսեցի խնայել: Էլի նորմալ էր, չէի դժգոհում»:
Ամուսինը վերադառնում է` իր հետ բերելով մի փոքրիկ գումար, որը փորձում են նոր փոքրիկ գործի մեջ դնել, բայց դարձյալ չի հաջողվում: Անուշի ամուսինը դարձյալ բռնում է Ռուսաստանի ճանապարհը, այդ ժամանակ նրանք սպասում էին երկրորդ երեխային: Ամուսինը հիմա Ռուսաստանում է, Անուշին էլ կանչում է իր մոտ:
«Ասում ա` արի էստեղ ապրենք, որովհետև Հայաստանում չեմ կարողանում գործ անել, երկու անգամ փորձեցի, չստացվեց: Ասում ա, ինքը Ռուսաստանում կարող ա մեզ պահել, քանի որ էդքան աշխատում ա, ու եթե երկու տեղ չլինենք, այլ միասին ապրենք` նորմալ կլինի, ստիպված չի լինի տարվա մեջ կիսատ թողնել գործերն ու գալ մեզ տեսության` ավելի փող ծախսելով: Ես անկեղծ չեմ ուզում մեկնել Հայաստանից, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ Հայաստանից դուրս, ես իմ երկիրը շատ եմ սիրում: Բայց արդեն ամենավերջին, ամենակարևոր բանն եմ կորցրել` ապագայի հավատը: Ու երևի ես էլ գնամ ամուսնուս մոտ: Ճիշտ է, Հայաստանի բնակչությունը միանգամից 4 հոգով էլ կպակասի, բայց դե ինչ անեմ, էսպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց Անուշը` հավելելով, որ համալսարանն ավարտելիս հույս ուներ` իրեն, որպես լավ սովորած, կրթություն ստացած երիտասարդ ուսուցչուհու, հեշտ կլինի հաստատվել ու կայանալ Հայաստանում, երեխաներին դասավանդել, սերունդ կրթել ու դրանով երջանիկ լինել, քանի որ միշտ էլ հավանել է ուսուցչի կերպարը: Իսկ հիմա ստիպված է լքել իր սիրած Հայաստանը, Երևանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: