Նոր քաղաքական իրողություն
ՀՀԿ-ն մնաց հպարտ միայնության մեջ
Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ այդպես արագ հրաժեշտ կտանք նախկին վարչապետին, որ նոր վարչապետի աթոռին կտեսնենք Հովիկ Աբրահամյանին ու դեռ ավելին` ԱԺ ամբիոնի կենտրոնական աթոռին էլ կբազմի Գալուստ Սահակյանը: Եթե սրան էլ գումարենք «տարած-հետ բերած» ընդդիմադիրի` ՕԵԿ-ի նոր կարգավիճակը, ապա համապատկերն առավել գունագեղ ու հետաքրքիր է դառնում…
Մեր միշտ հին ու նոր կառավարությունը
Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո որոշակիորեն ակտիվացան այն տեսակետները, թե նոր վարչապետն իր անձնական որակների` ամենատարբեր մարդկանց և քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» կարողության շնորհիվ դրական փոփոխություններ կմտցնի ներքաղաքական միապաղաղ կյանքում, նույնիսկ աշխույժ շրջանառվում էին տարբեր ձևերով ու դասավորություններով կոալիցիաների կազմման կանխատեսումներ: Բայց արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ոչ միայն նոր կոալիցիոն գործընկեր ձեռք չբերեց, այլև կորցրեց իր կոալիցիոն միակ դաշնակցին` ՕԵԿ-ին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ ապրիլի 28-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրելով, տեղեկացրեց, որ ՕԵԿ-ն այսուհետ ընդդիմադիր ուժ է: Հաջորդ օրը` ապրիլի 29-ին Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ հայտարարությունների ժամին առաջին անգամ իբրև ընդդիմադիր հանդես գալով` նշեց, որ իրենց համար օրակարգային է լինելու սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարը:
Բայց
առավել ուշագրավ էր ՕԵԿ պատգամավորի մեկ այլ հայտարարություն:
Անդրադառնալով ՕԵԿ-ի հասցեին հնչող քննադատություններին` Հովհաննես
Մարգարյանն ասաց, որ ժողովուրդը կտա ամեն ինչի արժանի գնահատականը, քանի որ
ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը` արդար դատավոր:
«Երկիրը
փոքր է, բոլորը բոլորին լավ ճանաչում են, և ինչքան էլ հանդես գան ոմանք
որպես աղավնի և իրենց բերնում դնեն ձիթենու պտուղ, միևնույն է, տեսանելի է,
որ բորենին երբեք աղավնի չի դառնում»,- ասաց նա:
Իսկ նոր կառավարությունն էլ, պարզվեց, այնքան էլ նոր չէ: Կառավարության 18 նախարարներից ու աշխատակազմի ղեկավար-նախարարից 9-ը վերանշանակվեցին: Ընդ որում, եթե ուշադիր նայենք, վերանշանակվեցին, պայմանականորեն ասած, առավել ծանրակշիռ դիրք ունեցող նախկին ու արդեն իսկ նոր նախարարները: Այսինքն` պարզ է, որ կառավարության ծրագրերի, ռազմավարության ու մարտավարության մեջ էական փոփոխություններ չեն լինի: Նոր նշանակված չորս նախարարների ու աշխատակազմի ղեկավար-նախարարի անունները նույնպես ամենևին էլ թարմություն չեն խոստանում: Մասնավորապես, նոր կառավարության կազմում նոր պաշտոններ ստացան ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը կբռնի ֆինանսների նախարարի պորտֆելը և կառավարությունում նոր մարդ չէ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որին Երևանը «քաղաքաշինելուց» հետո հիմա էլ վստահեցին ամբողջ Հայաստանի քաղաքաշինության գործը, նոր կառավարությունում էկոնոմիկայի նախարարի նոր պորտֆելն էլ վերցրեց Կարեն Ճշմարիտյանը` նախկին նախարար, մինչև նշանակումն էլ նույն «հին» ՀՀԿ-ի անդամ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր: «Միշտ հին ու նոր» կառավարության կազմում միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է հայտնություն: Մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին էլ մամուլում նշվում են անուններ, որոնք, մեղմ ասած, նոր ոչինչ չեն ասում, բացի հին վերքերը բորբոքելուց;
Մի խոսքով, կառավարությունը թարմացնել չհաջողվեց, կամ ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Հայաստանի ներքին քաղաքականությունը նման է թատերական ներկայացման, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են նրանց դերերը»: Մեսրոբյանը հավելեց նաև, որ Հայաստանում ձևավորված է օլիգարխիկ պետական համակարգ, որն ամբողջ աշխարհում համարվում է հետամնաց համակարգ, հետևաբար անիմաստ է սպասել որևէ առաջընթացի, այս պայմաններում Հայաստանը ապագա չունի:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը վարչապետի փոփոխությունից հետո կառավարության ձևավորման գործընթացում կարևորում է ընդդիմության և իշխանության դերակատարումները: Քաղաքագետն օրերս կայացած մամլո ասուլիսում առանձնացրեց վարչապետի հրաժարականից հետո երեք սցենար, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն և ընդդիմությունը: Ըստ նրա` առաջին սցենարը հիմնական դերակատարների` ՀՀԿ-ի ու ընդդիմության շրջանակներում կառավարություն ձևավորելն էր, երկրորդ սցենարը` գտնել տարբերակ նվազագույն կոալիցիայի պահպանման համար և երրորդ սցենարը` եթե օրակարգում եղել է լայն կոալիցիայի ձևավորման հարց` փորձել ձևավորել այդ լայն կոալիցիան: Այս իրադարձություններին ընդդիմադիր դաշտի արձագանքը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ նրանք պատրաստ չէին նման զարգացումների: «Փաստորեն, ըստ էության կատարվեց առաջին սցենարը, այսինքն` մեկ քաղաքական ուժի պայմաններում ստեղծել կառավարություն»,- ասաց նա:
Այսպիսով, մենք ունենք նոր վարչապետ, նոր կառավարություն, և բացառությամբ տնտեսական բլոկի մի մասի, մնացած բոլոր նախարարները շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Ապրիլի 29-ին քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այդ փաստը բացատրեց այն հանգամանքով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարճաժամկետ քաղաքական ապագայում` առնվազն մինչև 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի սկիզբը, նպատակ ունի ավելի կայուն քաղաքական հենարան ստեղծել: Նա կարծում է, որ այդ պատճառով նպատակ էր դրված նոր վարչապետի շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերի, սակայն դա չստացվեց: Այս կառավարությունը, ըստ Մարգարովի, ցույց տվեց այն, ինչի մասին խոսվում էր անցյալ տարի. շատ բարդ է գտնել նոր կադրեր, գտնել այն նոր սերունդը, որը կարող է մտնել բարձր էշելոնի կազմ և հանդես գալ որպես նոր ղեկավարների սերունդ:
Ո՞վ Գրիգորիչի համար ապահովեց երկրի երկրորդ դեմքը լինելու տիտղոսը
Ինչ
վերաբերում է կադրերի հարցին, ապա արժե անդրադառնալ նաև ԱԺ նոր նախագահի
ընտրության թեմային: Ապրիլի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ
նախագահ ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
Դեռ
շատերն են հիշում Գալուստ Գրիգորիչի «շուլուխները», տարբեր ուշագրավ
արտահայտություններն ու հայտարարությունները, բայց նա ԱԺ նախագահ ընտրվեց
101 կողմ ձայներով: Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ
Բագրատյանը, որը ստացավ 3 ձայն: Քվեարկությանը 131 պատգամավորներից
մասնակցել են 106-ը, գրանցվել է 2 անվավեր թերթիկ: Այդ նիստից բացակայում
էր 10 պատգամավոր, ԱԺ նախագահի ընտրությունը բոյկոտել էր 15 պատգամավոր.
«Ժառանգություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն
մասնակցելու քվեարկությանը: Հիշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում
ընդգրկված է ընդամենը 70 պատգամավոր, 2 պատգամավոր, ինչպես գիտենք, ազատ են
համարվում, որոնցից մեկը` Էդմոն Մարուքյանը, բացակայում էր նիստից, բայց
Գալուստ Սահակյանը ստացավ 101 քվե:
Ստացվում է, որ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի նախագահ ընտրվեց իրեն ընդդիմություն հայտարարած ՕԵԿ և այլընտրանք համարվող ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների շնորհիվ: Թեև ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունները մինչ քվեարկությունը հայտարարել էին, որ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության հարցում, փաստորեն, այն պատգամավորները, որոնք նախընտրել են մասնակցել քվեարկությանը, իրենց ձայնը տվել են մեծամասնական խմբակցության թեկնածուին: Իսկ իրենց պատգամավորներին «ազատություն» տալու մասին ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի խոսքերը վաղուց հայտնի են քաղտեխնոլոգիային: Այդպես վարվում են այն ուժերը, որոնք վախենում են իրենց իրական դիրքորոշումն ուղիղ հայտնելուց և դա անում են անհատներին «ազատություն» տալով:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը նշել էին, որ քվեարկել են հօգուտ Բագրատյանի: Բագրատյանի ստացած 3-րդ կողմը, ըստ ամենայնի, քվեարկել է ինքը` պատգամավորը:
Անդրադառնալով Աժ խոսնակի առաջադրմանը` Մարգարովը նկատեց, որ ընդդիմադիր ուժերը կրկին չկարողացան պատրաստ ու համախմբված գործել և առաջարկել միասնական թեկնածու: Խորհրդարանական չորս ուժերը, ինչպես ասաց քաղաքագետը, կորցրին ԱԺ նախագահի հարցում միասնաբար հանդես գալու հնարավորությունը: «Ընդդիմադիր դաշտն այսօր ուներ հնարավորություն` փորձել հանդես գալ միասնական ճակատով, գուցե հայտնի արդյունքով, բայց փորձել հանդես գալ մեկ միասնական ճակատով: Եվ մենք տեսնում ենք, որ դա կա՛մ չհաջողվեց, կա՛մ ցանկություն չեղավ»,- ասաց բանախոսը:
Իսկ արդյունքներ, ըստ նրա, այդ քայլը կունենար. մի կողմից`
կարող էր ցույց տալ նրանց համախմբվածության աստիճանը, մյուս կողմից` նրանց
որպես ուժ հանդես գալու ունակությունը, որը կարող է պայմանավորվել իր
ներսում, իր համար ավելի նպատակահարմար թեկնածուի շուրջ, ինչն ի ցույց
կդներ քառյակի բանակցային ներուժը:
Իսկ Հրանտ Բագրատյանի
ինքնաառաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, նշեց քաղաքագետը, անակնկալ եղավ
որոշ ուժերի համար, քանի որ ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում արդեն
պառակտում կա: