Հայերեն   English   Русский  

Կուբայում մզկիթի գոյությունը մի պնդում է, իսկ հայերը իրականություն


  
դիտումներ: 924

Վերջերս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ամերիկան Քրիստոփոր Կոլումբոսից առաջ 1178 թվականին հայտնաբերել են մուսուլմանները, քանի որ Կոլումբոսը իր հուշերում գրել է Կուբայում տեսած մզկիթի մասին: Այս պնդումը, իհարկե, հեռու է իրականություն լինելուց: Իսկ ահա հայերը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ` նոր կյանքի հույս փնտրելով նաև Կուբայում: Սերդար Քորուջուն «Ակօս»-ում ներկայացրել է Սերանուշ Փանոսյանի և նրա քրոջ պատմությունը, որը 1985 թվականի փետրվարի 28-ին լույս է տեսել «The Daily Pantagraph» թերթում:

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Բլումինգթոն նահանգում բնակվող 90-ամյա Վեհանուշ (Ռոուզ) Թորոսյանը և 85-ամյա Սերանուշ (Սարա) Փանոսյանը չեն կարողանում զսպել արցունքները, երբ պատմում են իրենց կյանքի պատմությունը: «Մեզ համար ամեն ինչ կարծես նոր է եղել, այդ օրերի մասին մտածելիս չենք կարողանում քնել»,-պատմում են նրանք: Մարտիրոս և Մաքրուհի Ագինյանների դուստրերը ծնվել են Սեբաստիայում, ապրել 50 հոգանոց մեծ գերդաստանում: Վեհանուշը ընտանիքի 11 երեխաներից ամենամեծն էր, իսկ Սերանուշը` փոքրը: Քույրերը մանուկ հասակում ականատես են դարձել ցեղասպանության դաժանությանը: Սկզբում տեսել են, թե քաղաքներում ինչպես են սպանում հայ կրթյալ տղամարդկանց: Սպանվածների թվում է եղել նաև նրանց զարմիկը` Արամը:
Հետո բոլորը բռնել են գաղթի ճամփան: 6 ամիս շարունակ քայլել են դեպի հարավ` Սիրիա, քնել են գետնի վրա, մնացել սոված, ծարավ և հիվանդ: Ճանապարհի 2-րդ ամսին Վեհանուշի և Սերանուշի փոքր քույրը ուժասպառ է լինում և մայրը նրան տալիս է մի թուրք զինվորի: Աղջիկը շատ գեղեցիկ է լինում: Կարճ ժամանակ անց հիվանդ և տառապյալ մայրը մահանում է սրտի կատվածից: Հետո քույրերին բաժանում են, Վեհանուշը զարմիկների մի մասի հետ ուղարկվում է Այնթափ, իսկ մյուսները մեկ այլ ավան: Քույրերը 4 տարի իրարից առանձին աշխատում են թուրքերի տներում, որպեսզի կարողանան գոյատևել: Ապա որոշում են մեկնել ԱՄՆ: Սկզբում գնում է Վեհանուշը, այնուհետև Սերանուշը: Վերջինիս առաջին կանգառը դառնում է Կուբան:
Նման պատմություններ ԱՄՆ մեկնած հայերի շրջանում շատ կարելի է հանդիպել: Այնուհանդերձ այսօր Կուբայում հայերը քիչ են մնացել: Հստակ տվյալներ չկան, սակայն նշվում է, որ Կուբայում մոտ 80-100 հայ է ապրում, որոնց նախնիները այստեղ են հայտնվել`փրկվելով ցեղասպանությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: