Հայերեն   English   Русский  

Պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. քաղաքագետ


  
դիտումներ: 932

«Եռյակի ընդդիմությունը դրեց ժողովրդի սոցիալական խնդիրների հարցը։ Առաջին անգամ ընդդիմությունը բավականին գրագետ քաղաքական օրակարգ է ձևավորել », - այսօր լրագրողների հետ հանդիխպման ժամանակ երկրում ձևավորված քաղաքական իրավիճակին նման գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտը բաժանվել է երկու բևեռների. մի բևեռում իշխանություններն են, երկրորդում՝ երեք խոշոր կուսակցությունները, որոնք հռչակեցին համաժողովրդական շարժում։ Հայաստանի պատմության ընթացքում եղել են մի քանի բողոքական շարժումներ, որոնցից Էին, օրինակ, 1996-ին և 2008-ին տեղի ունեցածը։ «Նման շարժումները հիմնականում տեղի են ունենում ընտրություններից առաջ և հետո ու պահանջում են իշխանափոխություն։ Առաջին անգամ քաղաքական դաշտը ակտիվ է և դա կապված չէ ընտրությունների հետ։ Գարնանը դրված էր վարչապետի հրաժարականի հարցը և դա տեղի չունենալու դեպքում ընդդիմությունը մեծ գործողություններ էր պատրաստվում ձեռնարկել։ Իշխանությունը փոխեց վարչապետին՝ լիցքաթափելով իրավիճակը», - ասաց քաղաքագետը։

«Այժմյան ընդդիմությունը նպատակ է դրել սոցիալական խնդիրները լուծել և այդ խնդիրներն արտահայտված են իշխանությանը ներկայացված 12 կետերում։ Բացի այդ, նպատակ կա ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել և սահմանադրական բարեփոխումներ իրականացնել», - նշեց նա։

Ըստ Երվանդ Բոզոյանի Հայաստանի համար կա երկու ճանապարհ՝ կա՛մ գնալ քաղաքակիրթ ճանապարհով և փոխզիջումներ կատարել, կա՛մ էլ գնալՈւկրաինայի սցենարով, ինչն անընդունելի է, քանի որ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել։ Ավելի ընդունելի է Վրաստանի տարբերակը, այսինքն՝ փուլային ճանապարհով սահուն, քաղաքակիրթ իշխանափոխություն ապահովել. «Պետք է գնալ փոխզիջման և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս դեպքում ընդդիմությունը մասնակիորեն գոհ կլինի, իսկ իշխանությունը հնարավորություն կստանա լիցքաթափելու քաղաքական իրավիճակը», - գտնում է քաղաքագետը՝ ընդգծելով, որ արտահերթ ընտրություններն անիմաստ կլինեն, եթե ընտրական օրենսգրքի փոփոխություններ չլինեն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: