Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է. Սենոր Հասրաթյանի բացառիկ մեկնաբանությունը
Զրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
-Պարո՛ն Հասրաթյան, երեկ՝ մայիսի 31-ին, ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց ԱՀ ՊԲ-ի կողմից հրադադարը խախտելու և, միևնույն ժամանակ, ականանետերից իրենց բնակավայրերը արկակոծելու մասին: Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
- Ես արդեն առիթ եմ ունեցել տվյալ հարցին պատասխանելու և լրիվությամբ հերքել եմ հակառակորդի ագիտպրոպի կողմից մայիսի 31-ին տարածված այդ և մյուս ապատեղեկատվությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից հորինված և շրջանառության մեջ դրված «մեղադրանքի» ու երևակայական հաջողությունների հետ կապված հաղորդագրություններին, որոնցում ադրբեջանական կողմը մի դեպքում հայկական զինուժին է վերագրում իրենց բնակավայրերին ականանետային հարվածներ հասցնելու անհիմն մեղադրանքը, իսկ մեկ այլ դեպքում՝ բարձրագոչում, թե իբր իրենց կողմից նույն օրը «ոչնչացվել է հակառակորդի մեկ կրակակետ» և «հատուկ միջոցներով կլանվել տեսադիտարկման մեկ սարք»:
Կրակակետի և տեսադիտարկման սարքի «ոչնչացման» կամ «կլանման» մասով ասեմ, որ այդ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական պրիմիտիվ քարոզչության տիպիկ օրինակ: Ինչ վերաբերում է խաղաղ բնակավայրերի արկակոծմանը, ապա պետք է ասեմ, որ տվյալ մարտավարությունը հայկական կողմին հատուկ չէ ոչ միայն այսօրվա՝ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» պայմաններում, այլև անգամ ամենաթեժ ու դաժան մարտական գործողությունների ժամանակ, ինչը չի կարելի ասել հակառակորդ կողմի մասին: Ավելին, որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
- Բացի մեղադրանքից ադրբեջանական կողմն իր տարածած հաղորդագրության վերջում հայտարարեց, որ «հայկական կողմի նման սադրանքները շարունակվելու դեպքում» իրենց տրամադրության տակ եղած հրետանային միջոցներից կրակի տակ կառնեն մարտագծից ավելի մեծ խորությամբ գտնվող հայկական բնակավայրերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
- Նման շինծու մեղադրանքից հետո ամպագորգոռ հայտարարություններով հանդես գալը ադրբեջանական ագիտպրոպին հատուկ գործելաոճ է: Մեր բանակի թիվ մեկ խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության լիարժեք ապահովումն է, իսկ մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի և ցանկացած պարագայում, մանավանդ, որ հայկական բանակն ունի ոչ միայն իր առջև դրված խնդրի կատարմանը լավագույնս տիրապետող զինվոր, այլև հակառակորդի զինատեսակներին իր մարտավարատեխնիկական հատկանիշներով գերազանցող հնարավորություններ: Ադրբեջանական ագիտպրոպը պետք է գոնե մի բան լավ հասկանա՝ տեղեկատվական դաշտում անընդհատ հանդես գալ բարձրագոչ հայտարարություններով ու վայրեհաչոցներով, դեռևս չի նշանակում իրական մարտադաշտում հասնել հաջողության: Սա է սովորեցնում պատերազմների, ադ թվում նաև մեր պատերազմի փորձը:
- Եվ վերջում, օգտվելով առիթից, ևս մեկ հարց՝ ինչո՞վ է պայմանավորված առաջնային գծում տիրող օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունների տարածման պարբերականության փոփոխությունը:
- Ասեմ, որ վերջին շրջանում ԶԼՄ-ները բավականին հաճախ են այս հարցով դիմում բանակի հրամանատարությանն ու, մասնավորապես՝ մամուլի պատասխանատուներին: Այս կապակցությամբ փորձեմ շատ հակիրճ ներկայացնել իմ տեսակետը: Բոլորս ու, հատկապես բանակի հետ առնչվող լրագրողները, մի բան պետք է հստակ գիտակցենք, որ այն որոշումները, որոնք կայացվում են մեր զինված ուժերում, խորապես մտածված են, և դրանք բխում են ոչ թե հանրային հետաքրքրությունները բավարարելու անհրաժեշտությունից, այլև բացառապես պայմանավորված են ռազմամարտավարական բնույթի խիստ կարևոր նշանակության խնդիրներ լուծելու պահանջով: Սա ռազմական գործի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որը պետք է յուրաքանչյուրս հասկանանք և հարգենք: