Հայաստանի վոլեյբոլի ակումբները` առանց կայուն հովանավորների
- Փաստորեն, կայացան Հայաստանի առաջնության երկրորդ փուլի մրցաշարերը: Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի պահանջով միավորների հաշվարկի նոր համակարգ էր կիրառվում: 3:0 ,3:1 հաշիվներով հաղթանակի հասնելու դեպքում թիմը ստանում էր 3 միավոր, 3:2 հաշվով հաղթողը ստանում էր 2 միավոր, 2:3 հաշվով պարտվողը` 1 միավոր, 0:3 հաշվով պարտվողը միավոր չէր վաստակում: Տղամարդկանց առաջնության առաջին փուլը կայացել էր Արմավիրում, կանանց առաջնության առաջին փուլը` Գորիսում: Տղամարդկանց առաջնությունում պայքար կար: Լարված մրցավեճ էր 2-րդ տեղի համար: 24 միավորով առաջին տեղը գրավեց ՖԻՄԱ-ն: 13 միավոր պակաս ունի 2-րդ մրցանակակիր դարձած ԽՄՕՄՄ-ի հավաքականը: Ապա հաջորդեցին Ստեփանակերտի (10 ),«Նոր նորք-Դինամոյի» (3), Արմավիրի հավաքականները (0 ): Կանանց առաջնությունում 18 միավոր հավաքած «Նժդեհին» հաջորդեցին Սյունիքի (11), ԽՄՕՄՄ-ի (7 ), Ստեփանակերտի (0 ) թիմերը:
- Ի՞նչը գոհացրեց, ի՞նչը դժգոհության առիթ տվեց առաջնություններում:
- Տղամարդկանց և կանանց առաջնություններում հանդես եկան մի շարք երիտասարդ, նոր խաղացողներ, որոնք հույսեր են ներշնչում: Հետագայում նրանք կհամալրեն Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները: Թեև թիմերի ներկայացուցիչները տրտնջում էին, որ նախապատրաստվելու համար հնարավորություններ չեն ունեցել, անհաշտ մրցակցություն էր ծավալվել: Տղամարդկանց առաջնությունում անգամ 4-րդը ճանաչված թիմը հավակնում էր մրցանակային տեղի: Կանանց առաջնությունում ակնհայտորեն առաջադիմել է Հայաստանի բազմակի չեմպիոն «Նժդեհը»: Թիմի կազմում երիտասարդ նոր խաղացողներ են: Նկատելի էր, որ կանանց առաջնության մասնակից թիմերն ավելի լավ են նախապատրաստվել, մարզված են, քան տղամարդկանց առաջնությունում հանդես եկած հավաքականները: Այդուհանդերձ, զգացնել էր տալիս մրցափորձի պակասը:
- Թիմերի կազմում մեծահասակ խաղացողների պակաս նկատվո՞ւմ է:
- Տղամարդկանց և կանանց առաջնություններում հանդես եկած բոլոր թիմերում էլ մեծահասակ խաղացողներ կային: Դա վոլեյբոլիստուհիների թիմերում այնքան ցայտուն չի նկատվում, սակայն վոլեյբոլիստների թիմերում ակնառու է: Օրինակ` Արմավիրի թիմի խաղացող-մարզիչ Մանվել Հարությունյանը 50 տարեկան է, և նրան հանձնվեց ամենատարեց մասնակցի համար սահմանված մրցանակը: Շատ են 18-19 տարեկան խաղացողները, ավելի տարեցները համեմատաբար քիչ են:
- Թիմերը սիրողակա՞ն մակարդակի են: ժամանակին Հայաստանի առաջնությանը կիսապրոֆեսիոնալ թիմեր են մասնակցել:
- Անգամ կիսապրոֆեսիոնալ խաղացողներով համալրված թիմեր չունենք: Նախկինում դրանք կային, աշխատողներին խորհրդանշական աշխատվարձ էր տրվում, բայց այդ թիմերը քանդվել են: Չստացվեց, այդ մեխանիզմը չգործեց, որովհետև թիմերը կայուն հովանավորներ չունեն:
- Եթե ՖԻՄԱ-ն Հայաստանի տղամարդկանց առաջնություններում հաղթարշավը շարունակեց, ապա տիտղոսակիր «Նժդեհը» կանանց առաջնության չեմպիոն դարձավ ընդմիջումից հետո: Վերջին տարիներին Սյունիքի ներկայացուցիչներն էին ուժեղագույն ճանաչվում: Դա պայմանավորվա՞ծ էր այն հանգամանքով, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան գլխավորում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
- Չեմ ցանկանում դրա հետ կապել կատարվածը: Փաստն այն է, որ այժմ «Նժդեհը» բոլոր մրցակիցներից ուժեղ է: Ընդ որում, ԽՄՕՄՄ-ի թիմը, որի կազմում երիտասարդ մարզուհիներ են, փորձեց պայքարել Սյունիքի թիմի հետ: Կարելի է սպասել, որ 2015-ին այդ մրցակցությունն ավելի սուր կլինի:
- Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո շարունակո՞ւմ է աջակցել Սյունիքի վոլեյբոլի թիմերին, թե՞ ոչ:
- Անկեղծորեն` տեղյակ չեմ: Սյունիքի մարզպետի փոփոխություն նոր է կատարվել: Նախկինում մարզուհիների թիմը Սիսիանի հավաքական էր կոչվում, այժմ այն անվանվում է Սյունիքի հավաքական: Իսկ տղամարդկանց «Լեռէքսը» չկա: Այժմ այդ նույն թիմն իր ամբողջ կազմով, նաև մարզչի գլխավորությամբ հանդես է գալիս որպես ԽՄՕՄՄ-ի հավաքական:
- Մեկ տարուց ավելի է, ինչ Արթուր Բաղդասարյանը գլխավորում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Որևէ տեղաշարժ կատարվե՞լ է:
- Որպես այդ կազմակերպության ներկայացուցիչ` չեմ ցանկանում գնահատական տալ: Այն աշխատանքը, որը ներկայումս կատարվում է, ինքնին վկայում է առաջընթացի մասին: Լինի դա կապված մարզագույքի ձեռքբերման, Հայաստանի առաջնության կազմակերպման մակարդակի բարձրացման, միջազգային մրցաշարերում մեր մարզիկների մասնակցության և ցույց տված արդյունքների, թե այլ հարցերի հետ: Մասնավորապես ամռանը մասնակցել ենք Եվրոպայի արևելյան գոտու լողափնյա վոլեյբոլիստների առաջնությանը և 16 թիմերի պայքարում գրավել 9-րդ տեղը:
- Ինչո՞ւ է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ,Հայաստանի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իրեն մարզական լրագրողներից հեռու պահում:
- Չեմ կարող ասել: 2015-ին Սևանում լողափնյա վոլեյբոլի երիտասարդական միջազգային ներկայացուցչական մրցաշար է կազմակերպվելու, որին մասնակցելու են Արևելյան Եվրոպայի 10 երկրների թիմեր: Այդ ժամանակ առիթը կներկայանա, և կարծում եմ` Արթուր Բաղդասարյանը կհանդիպի լրագրողներին, կպատասխանի նրանց հարցերին:
- Վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը նաև ներկա չի լինում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի միջոցառումներին: Նա ներկա չէր նաև վերջերս Հայաստան այցելած ՄՕԿ-ի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեների նախագահների պատվին «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում կազմակերպված ընթրիքին:
- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները և կազմակերպության ղեկավարը միջոցառումների մասնակցելու հրավերներ ստանում են, թերևս Բաղդասարյանին զբաղվածությունն է խանգարում ներկա գտնվելու: Ներկայումս մեր կազմակերպությունը որևէ խնդիր չունի Հայաստանի մարզական որևէ կառույցի հետ: Ի դեպ, վերջերս մասնակցել ենք Թուրքիայում և Իտալիայում կազմակերպված վոլեյբոլի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաների համաժողովներին: Նախկինում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան վարկանիշ չի ունեցել, այժմ այն աճել է: Հաշվի է առնվում մերոնց մասնակցությունը միջազգային ստուգատեսներին, վոլեյբոլի քարոզչությունը և այլն: Հաշվարկը կատարում է Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան: Իսկ միջազգային ֆեդերացիան, որպես լավ աշխատանքի խրախուսանք, Հայաստանի ներկայացուցիչներին տրամադրել է մարզահատակ` 60 հազար եվրո արժեքով: Հայաստանի ոչ մի մարզասրահում այդպիսի հատակ դեռևս չի տեղադրվել:
- Իսկ որտե՞ղ է այն տեղադրվելու:
- Դեռ պարզ չէ:
- Առաջիկայում ի՞նչ է նախատեսվում անել:
- Դեկտեմբերի 8-11-ը Երևանում կանցկացվեն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության տղամարդկանց և կանանց թիմերի մրցաշարերը: Դրանով էլ կեզրափակվեն տարվա մարզական միջոցառումները: Դրանց թիվն անցնում է երկու տասնյակից: Դեկտեմբերին Ռուսաստանից բարձրակարգ մասնագետ կժամանի Երևան, որը որակավորման սեմինար կանցկացնի Հայաստանի մարզիչների համար: Հետո կսկսենք նախապատրաստվել լողափնյա վոլեյբոլի 2015-ի միջազգային մրցաշարին: Այդ օրերին Հայաստան կայցելի նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրե Մայերը:
- Հայաստանի կառավարությունը ֆինանսավորել է, որպեսզի Սևանում միջազգային մրցաշար անցկացվի:
- Ծախսերը կատարելու է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան մի փոքր կաջակցի: 10 մլն դրամից ավելի ծախս է պահանջվում: Հավելենք, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան աջակցության կարգով պետությունից տարեկան ստանում է 8 մլն դրամ, որից 2 մլն դրամը տրամադրվում է լողափնյա վոլեյբոլին:
- 2016-ի օլիմպիական խաղերին մասնակցելու հույս կա՞:
- 2013-ին միջմայրցամաքային խաղեր են անցկացվել, որոնցում լողափնյա վոլեյբոլի ուղեգրեր են խաղարկվել: Բայց Հայաստանի հավաքականները չեն մասնակցել: Պարզապես մեր երկրի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին ներկայացուցիչները չեն արձագանքել: Ընդ որում, բոլոր ծախսերը կազմակերպիչներն իրենց վրա են վերցրած եղել: Արդեն ուշ է, վարկանիշային մրցումներ չկան: 2016-ից հետո այդ ուղղությամբ աշխատանք կկատարվի: