Հայերեն   English   Русский  

Սոսկ տեսական հնարավորություններ


  
դիտումներ: 1231

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Բուլղարիայի հավաքականի հետ: Վերջինս 13 միավորով (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն) աղյուսակում 2-րդ տեղում է: Բուլղարացիների համար այս հանդիպումը ոսկու գին ունի: Ի տարբերություն մերոնց, նրանք իրատեսական հնարավորություններ ունեն խմբում 2-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճելու համար: Բայց մեր երկրում բուլղարացիներին լուրջ փորձություն է սպասում:

Բանն այն է, որ Հայաստանի թիմը 2012-ի սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականին նրա դաշտում պարտվել էր 0:1 հաշվով: Ինչ խոսք, դա ցավալի էր, սակայն մի հանգամանք էլ կա, որ մարտականորեն տրամադրվելու առիթ է տալիս: Բուլղարացի ֆուտբոլիստները, հաղթանակի տենչով, անցանկալի կոշտ պայքարի դիմեցին, նաև տուրուդմբոց սարքեցին` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին: Այնպես որ, բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չկար: Այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները խաղադաշտ էին ներկայացել պաստառներով, որոնց վրա Անդրանիկի անունն էր, և հիշվում էր, որ հայ ազգային հերոսը կռվել է նաև բուլղարացիների համար:

Ինչևէ, մեր երկրի ֆուտբոլասերները որոշել են համարժեք պատասխան տալ. ոչ միայն Հայաստանի հավաքականին բուռն աջակցել տրիբունաներից, այլև համապատասխան վերաբերմունք դրսևորել մեր երկրի օդանավակայան եկած բուլղարացի ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին էլ մեր ընտրանին արտագնա խաղ կանցկացնի խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ: Իտալացի ֆուտբոլիստներն անցկացրած 8 խաղից 6-ում հաղթել են, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և չեն կրել ոչ մի պարտություն: Վաստակած 20 միավորով նրանք իրենց համար ապահովել են խմբից դուրս գալու առաջադրանքը և արժանացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Այդ է պատճառը, որ 9 միավորով այժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք 3 հաղթանակ են տարել և 5 պարտություն կրել, թերևս հույս ունեն, որ Իտալիայի ներկայացուցիչները ոչ մարտական կազմով կխաղան և այդ հանդիպումում հնարավոր է միավորներ կորզել:

Խաղը կայանալու է Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում: Այն Իտալիայի մեծ մարզադաշտերից է և տեղավորում է 60 240 հանդիսական: Վերջին անգամ Իտալիայի ազգային հավաքականն այդ մարզադաշտում խաղ է անցկացրել 2006-ի սեպտեմբերին: Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 եվրոյի սահմաններում:

Իտալիայի հավաքականն այս մրցաշարի շրջանակում արդեն խաղացել է Հայաստանի թիմի հետ և Երևանում առավելության է հասել 3:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակը հեշտ չտրվեց տիտղոսակիր թիմին:

Այժմ մրցակցի հարկի տակ հանդես գալու հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է: Կկարողանան մերոնք վերկանգնել սասանված հեղինակությունը, թե նոր անախորժության կմատնվեն` կպարզվի Նեապոլում:

Առաջիկա երկու հանդիպումների ժամանակ շատ բան կախված կլինի մեր առաջատարների խաղից: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը (երկուսն էլ` Մոսկվայի «Սպարտակ») վերջին շրջանում կայուն խաղով աչքի չեն ընկնում: Կարող են լավ խաղալ, նաև` վատ: Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի մյուս ֆուտբոլիստները փոխարինվում են, փոխարինման դուրս գալիս կամ էլ նստած մնում պահեստայինների նստարանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: