Հայերեն   English   Русский  

The Economist. Սիրիայի հայերը` իրենց նախնիների հայրենիքում


  
դիտումներ: 27244

Լուսանկարում սիրիահայ Սալբի Չաբախչուրյանն է և որդին՝ Կայծակը: Նրանք սիրիական պատերազմի ժամանակ տեղափոխվել են Հայաստան և հիմնել «Լահմաջո Կայծ» արագ սննդի օբյեկտը:

Տեղադրելով լուսանկարը՝ The Economist-ը հունիսի 26-ի հոդվածում անդրադարձել է Հայաստան տեղափոխված սիրիահայերին:

«2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը, երկրի քրիստոնյա հայ փոքրամասնության հարուստ ներկայացուցիչները տեղափոխվեցին Երևան, որտեղ սկսեցին վարձել շքեղ բնակարաններ մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ինչպես հետագայում խոստովանում են սիրիահայերը, տպավորություն կար, թե իրենք արձակուրդում էին»:

Կայքը նկատում է, որ ՀՀ Կառավարությունը Հայաստանի դպրոցներում տեղեր է հատկացրել, որտեղ սիրիացի փախստական ուսուցիչները շարունակում էին կրթել երեխաներին սիրիական կրթական ծրագրերով:

«Ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ նրանք գուցե երբեք էլ չվերադառնան Սիրիա»:

Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմը ավելի քան 5 միլիոն մարդու ստիպեց ապաստան փնտրել երկրից դուրս: 2015-16 թվականներին հարյուր հազարավորները կտրեցին Բալկանները՝ Եվրոպա հասնելու համար, շատերն էլ Հայաստան եկան:

«Հայաստանի բնակչությունը, որ արտագաղթի հետևանքով նվազում է, ուրախ էր ողջունել սիրիահայերին. նրանց մեծ մասը կրթված էին, ձեռնարկատեր: Մինչև պատերազմը մոտ 90 հազար հայ էր ապրում Սիրիայում, 2/3-ը՝ Հալեպում: Նրանցից շատերը 1915-ին օսմանյան կոտորածներից փրկվածների սերունդն էին: Շատերի համար քաղաքացիական պատերազմը վերջակետ դրեց մեկդարյա պատմությանը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: