Հայերեն   English   Русский  

Կենտրոնի վերաասֆալտապատումը չի նպաստում մարզերի զարգացմանը


  
դիտումներ: 1429

ՀՀ կառավարությունը բազմիցս կարևորել է ՀՀ-ում տարածքների համաչափ զարգացումն ու մայրաքաղաքի բեռնաթափումը: Այս նպատակով տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի մասին էլ է հայտարարել:

Սակայն մեր կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որոնք կարծես չեն համադրվում այս կարևոր խնդրի լուծման տրամաբանության հետ: Օրինակ` կառավարությունն անցած շաբաթվա նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից բավական գումարներ «բաժանեց»Երևանին ու մարզերին. մոտ 9 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 մլրդ դրամն ուղղվելու է Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը, և մեկ այլ որոշմամբ էլ 500 մլն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50 մլն դրամ:

Այս երևույթը հասկանալու համար «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի օգնությանը` արդյունավետ կառավարման տեսանկյունից մեկնաբանելու կառավարության որդեգրած տրամաբանությունը.

- Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարում է մարզերի զարգացման ծրագրերի մասին, բայց 7,5 մլրդ տրամադրում է մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը և 50-ական մլն դրամ` մարզերին: Մի՞թե այդ քայլը բխում է տարածքների համաչափ զարգացման ծրագրի էությունից:

- Ընդհանրապես, բոլոր ծախսերը, լինեն դրանք մարզերի թե մայրաքաղաքի մակարդակով, բյուջեից ֆինանսավորվեն թե ոչ, միշտ պետք է բաժանվեն ըստ նախապատվությունների: Այսինքն` կարևորագույնները և հետո մնացածները` ըստ կարևորության, իջեցման կարգով: Կարևորագույններն ընտրվում են հետևյալ սկզբունքով. որո՞նք են անհետաձգելի լուծում պահանջող հարցերը, և որոնք` միտված զարգացմանը, բուն զարգացմանը, եթե կա զարգացման ռազմավարական ծրագիր:

Հայաստանում իշխանական մակարդակով զարգացման ծրագիր չունենք. կան լոզունգներ, միջնաժամկետ պլանավորում և այլն, որոնց անունը դնում են զարգացման ծրագիր: Քանի որ մենք, կիրառական իմաստով, չունենք զարգացման ծրագիր, բնական է, որ ծախսային մասը չի լինի արդյունավետ: Որովհետև այդ դեպքում չգիտես, թե ինչպիսի ապագայի համար, ինչպիսի ծրագրերի շարունակականության համար ես ինչ-որ ֆինանսավորում ուղղում: Ինչ վերաբերում է անհրաժեշտ մասին, ապա այստեղ, այո’, եթե նայում ենք երևանի կենտրոնին, ապա վերջին 10 տարիներին պարբերաբար այն ուղղակի ձախից աջ, աջից ձախ վերակառուցում են, փոխում են, դնում-հանում են, բայց քանի գնում է, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է և դառում շատ ավելի անընդունելի ապրելու համար: Սա նշանակում է, որ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ:

- Ուրեմն կարո՞ղ ենք փաստել, որ այսօր կառավարության կողմից որպես անհետաձգելի հարց ընկալվում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը կամ վերանորոգումը, իսկ մարզերը երկրորդական-երրորդական պլան են մղվում:

- Երևի` այո: Որովհետեև մարզերն էլ տարբեր են: Կան մարզեր, որոնք սահմանամերձ երկար գիծ ունեն, որտեղ բոլորովին այլ քաղաքականություն պետք է վարվի, կան մարզեր, որոնք արագ դատարկվում են, մարդիկ թողնում գնում են, ու այնտեղ ավելի շատ պետք է սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ լուծել: Իսկ այսպես հավասարաչափ գումար բաժանելն ու ամենաշատը Երևանի կենտրոնին գումար հատկացնելը նշանակում է, որ խնդիրը տարածքների զարգացման հետ կապ չունի, նախապատվությունների հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ սկզբունք է վերցված և արվում է:

- Իսկ Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ միջոցների ավելի օպտիմալ բաշխումը զարգացման ծրագրերի տեսանկյունից:

- Առաջին` եթե մենք պետություն ենք, ապա պետք է լինի ռազմավարական զարգացման ծրագիր, որը պետք է երկու ուղղություն ունենա` ժամկետների և տարածքային: Այսինքն` ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով օժտված լինի: Որից հետո պետք է դրա հիման վրա մշակվի մարտավարություն` ելնելով ռազմավարությունից, պետք է դրվեն կշիռների գործակիցները, որոնցով և կորոշվեն նախապատվությունները, թե որ ուղղությամբ ինչ տոկոսային հարաբերակցությամբ միջոցներ պետք է ուղղվեն: Համենայն դեպս մարդկությունը մինչ այժմ, եթե զարգացել է, հենց այս կերպ է զարգացել. ուրիշ ձևով չի զարգացել:

- Ենթադրենք, թե Ձեր նշած բոլոր նկատառումները դրված են կառավարության գործողությունների հիմքում. արդյոք Երևանի կենտրոնի վերակառուցման նպատակների համար այդքան գումարներ հատկացնելը կարո՞ղ է հանգեցնել գոնե Երևանի կենտրոնի զարգացմանը:

- Հստակ ու վստահ ասելու համար պետք է բուն ծրագիրն ուսումնասիրել: Բայց կարելի է չդնել «ենթադրենք սա» կամ «ենթադրենք մյուսը» հարցադրումները շատ պարզ պատճառով: Եթե լիներ ռազմավարական ծրագիրն ու մնացած-մնացածը, ապա մեզ մոտ արտագաղթը չէր շատանա: Բայց հակառակն է տեղի ունենում. Հայաստանում ապրելն ավելի դիսկոմֆորտային իրավիճակ է ստեղծում` սկսած սոցիալական հարցերից և վերջացրած արդարության զգացումով, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ մարդիկ թողնում-գնում են: Այստեղից բխում է, որ չունենք ռազմավարական զարգացման ծրագիր:

Ասֆալտապատում

- Ձեր կարծիքով` մարզերին տրամադրված գումարները բավարա՞ր են թեկուզ տեղական առաջին նշանակության խնդիրների լուծման համար:

- Բնական է, որ ոչ. 50 մլն դրամն ի՞նչ թիվ է, մոտ 110 հազար դոլար. դա մեկ հատ միջին կարգի էլիտար ավտոմեքենայի արժեք է: Այսինքն` դա նույնն է, որ յուրաքանչյուր մարզի տրվի մեկական էլիտար ավտոմեքենա, մի՞թե դա հերի՞ք է, որ մարզը զարգանա. իհարկե՛ ոչ:

- Բայց կառավարությունը կարող է ասել և ասում է, որ ծրագրեր էլ, ռազմավարություն էլ ունի և այլն:

- Այդպես չէ, նախադասությունների ամեն մի շարան ծրագիր չէ: Ծրագիրը ենթադրում է ենթարկվել որոշակի օրենքների ու օրինաչափությունների, որպեսզի պարզ լինի, որ սա ծրագիր է, սա էլ ելույթ է, սա վերլուծություն է, սրանք լոզունգներ են, սրանք բաժակաճառեր են… Մեզ մոտ այս ամենը շիլա-փլավ է, ու ստացվում է մի փաստաթուղթ, որը, ըստ էության, նվազագույն պահանջներով անգամ չի համապատասխանում ծրագիր կոչվող փաստաթղթի պահանջներին: Բերեմ օրինակ. մեզ մոտ քանի անգամ է, որ ընդունվում են կոռուպցիայի դեմ պայքարի փաստաթղթեր, սակայն արդյունքը զրոյական է: Եթե փաստաթուղթը չի իրագործվում, ուրեմն երկու պատճառ կա. և՛ փաստաթուղթը փաստաթուղթ չէ, և՛ իրագործման նպատակ չկա: Նույնն էլ այստեղ է:

Զրույցը վարեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: