Հայերեն   English   Русский  

Բազելում կքննարկվի նոյեմբերի 12-ի դեպքը. Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ


  
դիտումներ: 1148

Դեկտեմբերի 4-5ը, Բազելում Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվելու է նոյեմբերի 12-ին տեղի ունեցածը, ինչպես նաև այն քայլերը, որոնք կկանխեն հետագայում նման դեպքերի կրկնությունը: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Քննարկվելու են նաև 2015թ.-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման հարցերը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Մի քանի օր անց՝ նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊՆ-ը հայտնեց, որ ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողությամբ դեպքի վայրից տարհանել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցավ զոհեր, հայկական կողմը կորուստներ չկրեց:

Նոյեմբերի 12-ին դեպքի առնչությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ համանախագահները, իսկ նոյեմբերի 13-ին ԵՄ-ը, քննադատելով դեպքը, կոչ արեց սկսել հետաքննություն և արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետդեպարտամենտը, հարցը քննարկվեց նաև ՀԱՊԿ-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: