Հայերեն   English   Русский  

​ԽԱԹԹԻ


  
դիտումներ: 19402

Խեթերի պատմության ուսումնասիրությունը հետաքրքիր է ոչ միայն համաշխարհային պատմության ուսումնասիրության տեսանկյունից, այլև՝ հայոց պատմության… Առհասարակ շատ ուսումնասիրողներ խեթերին հայ են համարում, իսկ Խաթթին՝ հնագույն հայկական պետություններից մեկը….

Խեթերի ծագման երկու վարկած կա շրջանառության մեջ: Պատմագետներից ոմանք կարծում են, որ խեթերը Հալիս գետի ավազանում հայտնվել են Թրակիայից, իսկ մյուսները պնդում են, որ նրանք Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածից և Կովկասից են տեղափոխվել արևմուտք:

Համենայն դեպս, խեթերի մարդաբանական տեսակը արմենոիդ է եղել և նրանք թե՛ մարդաբանական, թե՛ լեզվաբանական առումներով բավական մեծ ընդհանրություններ են ունեցել մեր նախնիների հետ:

Խեթերը բնակվել են Փոքր Ասիա թերակղզու արևելյան հատվածում՝ ներկայիս Անատոլիական բարձրավանդակի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհին հարող արևմտյան մասում:

Խեթական պետությունը մ.թ.ա. II հազարամյակում տարածաշրջանում դարձավ հզորագույններից մեկը և հաճախ Առաջավոր Ասիայում առաջնության համար պայքար էր մղում Եգիպտոսի, Ասորեստանի, ինչպես նաև հայկական պետությունների՝ Միտտանիի և Հայասայի հետ:

Խեթերենը հնդեվրոպական լեզվընտանիքի լեզու էր: Այն շատ ընդհանրություններ ուներ հայերենի հետ: Հնագիտական պեղումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են շուրջ 25.000 կավե սալիկներ՝ արձանագրություններով, որոնք մեզ կարևոր տեղեկություններ են հաղորդում Խաթթիի քաղաքական, սոցիալական, կրոնական հարաբերությունների մասին:

Խեթական առաջին պետությունը հիմնվել է մ.թ.ա. XVIII դարում: Հայտնի է պետության հիմնադրի անունը` Կուսսար քաղաք-պետության թագավոր Անիտտա, որ միավորել է խեթական քաղաք-պետությունները՝ Փուրուսխանդան, Անկուվան, Խաթթին, Կուսսարը: Իսկ շատ չանցած՝ Լաբառնան արդեն հռչակվում է Խաթթիի թագավոր և հիմք դնում Հին հարստությանը: Իսկ Մուրսիլիս Առաջինի օրոք Խաթթին հզորանում է: Զորեղ արքան կարողացավ անգամ գրավել Բաբելոնն ու Միջագետքի մի մասը: Խեթական պետության հզորության հիմքում լավ կազմավորված բանակն էր: Բանակի հարվածային ուժը ռազմակառքերն էին:

Ի դեպ, խեթական աղբյուրները վկայում են, որ համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հենց հայերն են առաջին անգամ ձին օգտագործել ռազմի նպատակներով: Խեթական բանակում կային հատուկ պաշտոնյաներ, որոնք զբաղվում էին միայն ձիերի վարժեցմամբ: Եվ այդ պաշտոնյաները հրավիրված էին Միտտանի հայոց թագավորությունից:

Խեթերը մեր նախնիներից փոխ առան նաև երկաթի կիրառությունը ռազմի նպատակներով: Նրանք հենց հայերից սովորեցին երկաթյա սրեր կռել, ինչը նույնպես նպաստեց խեթական բանակի կայացմանն ու հզորացմանը:

Պահպանվել է եգիպտական փարավոնի նամակը` ուղղված Խաթթիի արքային, որով փարավոնը խնդրում էր իրեն երկաթյա դաշույն նվիրել:

Ի դեպ, հենց երկաթի համատարած կիրառությունը զարկ տվեց խեթական պետության հզորացմանը: Այդ ժամանակաշրջանում երկաթն արծաթից թանկ էր 40 անգամ, իսկ ոսկուց՝ 8 անգամ:

Խեթական պետության ամենազորեղ շրջանը մ.թ.ա. XIV դարն էր` Մուրսիլիս Բ կառավարման տարիները, երբ Խաթթիի արևմտյան սահմանները հասնում էին Էգեյան ծով, իսկ հարավում պետությունն իր սահմանների մեջ էր ընդգրկում Ասորիքը, արևելքում՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները: Այս ժամանակահատվածում խեթերն Ասորիքում առաջնության համար պայքարում էին Եգիպտոսի թագավորության, իսկ արևելքում՝ հայոց պետությունների դեմ:

Ի վերջո, խեթական Խաթթուսիլիս արքան և եգիպտական Ռամզես Բ փարավոնը կնքեցին հաշտության պայմանագիր: Այն ուղղված էր հատկապես Միտտանիի հայոց թագավորության դեմ: Եվ Խաթթին ու Եգիպտոսը միասնական ջանքերով կարողացան կործանել Միտտանին:

Խեթական պետության առաջխաղացումը կանգնեցրին հայերը: Ճիշտ է, խեթերը ժամանակին բախվել էին Միտտանի հայոց պետության հետ և կործանել այն: Ապա պատերազմել էին խուռիների դեմ, սակայն՝ ապարդյուն: Շուտով Միտտանի պետությանը փոխարինելու եկավ Հայասա-Ազզի պետությունը, որ կանգնեցրեց խեթերի առաջխաղացումն արևելքում:

Մ.թ.ա. XIV դարում Հայասայի դեմ ավարառուական, նվաճողական արշավանք ձեռնարկեց Թուդխալիա Գ արքան: Նա մասնակի հաջողություն ունեցավ: Սակայն քիչ անց Հայասայի արքա Աննիասն ինքը նախահարձակ եղավ Խաթթիի դեմ և մեծ վնաս հասցրեց խեթական թագավորությանը: Հայ-խեթական արյունահեղ պատերազմներն ավարտվեցին խեթական արքա Սուպիլուլիումա Առաջինի և Հայասայի թագավոր Հուկկաննայի միջև կնքված հաշտությամբ:

Խաթթիի մայրաքաղաքը Խաթթուսան էր` ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Բողազքյոյ հնավայրը մայրաքաղաք Անկարայից 150 կմ հեռավորության վրա:

Խեթական պետությունը համեմատաբար կարճ կյանք ունեցավ՝ շուրջ կես հազարամյակ, սակայն մեծ հետք թողեց Հին աշխարհի պատմության մեջ:

Խաթթիի վերջին արքան Սուպիլուլիումաս Երկրորդն էր, որ կառավարեց մ.թ.ա. XIII դարի վերջին: Նրա մահից հետո Խաթթին այլևս գոյություն չուներ: Իսկ թե դա որոշակի որ թվականին էր, պատմագիտությանն անհայտ է:

Շատ ուսումնասիրողներ նույնացնում են Աստվածաշնչում հիշատակվող քաթերին խեթերի հետ: Ուրիշները հերքում են դա: Սա պատմագիտության խրթին հարցերից է:

Պատմագիտությունը գրեթե ամբողջապես վերականգնել է Խաթթիի գահակալների ցանկը: Արձանագրություններում հիշտակվող գահակալներն են` Լաբառնա (Տաբառնայի, մինչև մ.թ.ա. 1650 թ.), Խաթթուսիսլիս Ա (մ.թ.ա. 1650 – 1620), Մուրսիլիս Ա (մ.թ.ա. 1620 – 1590), Խանթիլիս Ա (մ.թ.ա. 1590 – 1560), Ցիդանտաս Ա, Ամմունաս (մ.թ.ա. 1560-1525), Խուցցիյաս Ա, Տելեպինուս (մ.թ.ա. 1525- 1500), Ալլուվամնաս, Տախուրվաիլիս, Խանթիլիս Բ, Ցիդանտաս Բ, Խուցցիյաս Բ, Մուվատալի Ա, Թուդխալիա Ա, Թուդխալիա Բ, Առնուվանդաս Ա, Խաթթուսիլիս Բ (մ.թ.ա. 1400- 1350), Թուդխալիա Գ, Սուպպիլուլիումաս Ա (մ.թ.ա. 1350 -1322) Առնուվանդաս Բ (մ.թ.ա. 1322-1321), Մուրսիլիս Բ (մ.թ.ա. 1321-1295), Մուվատալի Բ (մ.թ.ա. 1295-1272), Ուրհի-Թեշուբ (մ.թ.ա. 1272-1267) Խաթթուսիլիս Գ (մ.թ.ա. 1267-1237), Թուդխալիա Դ (մ.թ.ա. 1237-1228), Կուրունտա (մ.թ.ա. 1228-1227), Թուդխալիա Ե (մ.թ.ա. 1227-1209), Առնուվանդաս Գ (1209-1207), Սուպպիլուլիումաս Բ (մ.թ.ա. 1207-):

Հարուստ էր խեթական դիցարանը: Կային թե՛ աստվածներ, թե՛ աստվածուհիներ: Հատկապես հզոր էին դիցարանի գլխավոր՝ ամպրոպի Թեշիբու աստծու պաշտամունքը, որ պատկերված էր ձեռքին կայծակ և կացին, մայր դիցուհու՝ Մաի պաշտամունքը, ինչպես նաև՝ սիրո և գեղեցկության, միաժամանակ՝ ռազմի աստվածուհու պաշտամունքը:

Խեթական տաճարները մեծ էին՝ կառուցված բարձր պատվանդանին, ինչպես հայոց հեթանոսական տաճարները:

Խեթերն իրենց աստվածներին զոհեր էին մատուցում: Զոհաբերում էին գրեթե բոլոր կենդանիներին, բացի խոզից, որի միսը չէին օգտագործում սննդի մեջ՝ համարելով պիղծ: Խեթերի մոտ տարածված էին նաև մարդկանց, հատկապես՝ մանուկների զոհաբերությունները:

Խեթական հասարակությունը բևեռացած չէր: Կանայք բարձր դիրք էին գրավում: Ազնվականության և հասարակ մարդկանց միջև չկար սոցիալական մեծ շերտավորում:

Ի դեպ. Խաթթիում մահապատիժներ չեն եղել: Ամենածանր պատիժը սահմանվել է դրամական տուգանքների, հարկադիր աշխատանքի և ծեծի միջոցով:

Խաթթիում կային այսպես կոչված՝ սրբազան քաղաքներ: Սրանք փոքրիկ կրոնապետություն էին հիշեցնում: Քաղաքի կենտրոնական բարձրադիր մասում տաճարն էր: Քաղաքի առաջնորդը քուրմն էր՝ անսահմանափակ իշխանությամբ: Այս սրբազան քաղաքներն ու տաճարները միաժամանակ ապաստարաններ էին: Եթե հանցապարտը կարողանար հասնել նման մի քաղաք՝ ապաստան կստանար և կմնար անպատիժ` քավելով իր մեղքը հանրային աշխատանքով:

Խեթական պետությունը յուրատեսակ համադաշնություն էր: Պետության մաս կազմող առանձին նահանգներ ունեին ներքին լայն ինքնավարություն, կենտրոնի հետ կապված էին զինական և հարկային պարտավորություններով: Տեղերում մեծ էր ավագների խորհրդի դերակատարությունը:

Խաթթիում տարածված էր մերձամուսնությունը: Սրբազան ամուսնություն էր համարվում արքայի զավակների՝ որդու և դստեր ամուսնությունը, որոնց զավակը գահի ժառանգ էր հռչակվում:

Մ.թ.ա. XII դարի սկզբին խեթական թագավորությունը կործանվեց փռյուգիական ցեղերի և հայերի հարվածներից: Իսկ խեթերը աստիճանաբար ձուլվեցին տեղի հնագույն ժողովուրդներին՝ հայերին, արաբներին և հույներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: