Գերմանական վերջին ինքնաթիռը լքել է թուրքական Ինջիրլիքը
Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ըստ նրա` հինգ «Tornado» ինքնաթիռներից վերջինը, որն ավելի վաղ տեղակայվել էր Թուրքիայում, վայրէջք է կատարել Բյուխել բնակավայրի մոտ գտնվող ավիաբազայում: Գերմանական Բունդեսթագը հունիսի 21-ին հավանություն էր տվել Բունդեսվերի զինծառայողների դուրս բերմանն ու Ինջրիլիք ավիաբազայից Հորդանանում գտնվող բազա ինքնաթիռների տեղափոխմանը:
Ակնկալվում է, որ հետախուզական ինքնաթիռները մոտավորապես հոկտեմբերից կկարողանան կրկին մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին: Մինչ այդ դրանք կգտնվեն Գերմանիայում:
Հորդանանի Ալ-Ազրաք ռազմաբազայի օդային և ցամաքային հատված կտեղափոխվեն անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկական միջոցներ: Ըստ Բունդեսթագի տվյալների` այնտեղ պետք է նաև շինարարական աշխատանքներ տարվեն:
Գերմանիան սկսել է այդտեղից իր զինվորականներին դուրս բերել, քանի որ Անկարան արգելել է գերմանացի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիք: