Հայաստանի սպորտի նախարարի ցավակցական ուղերձը` ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի մահվան առիթով
Նա ծնվել է 1935-ի դեկտեմբերի 29-ին Երևանում: Խաչատրյանը սպորտի վարպետ է, Անդրկովկասի, Մոլդովայի սպարտակիադաների չեմպիոն: Նա երկար ժամանակ աշխատել է «Դինամո» մարզընկերությունում, մարզել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր տարիքի հավաքականների մարզիկներին, նաև` աշխարհի բազմակի չեմպիոն Բենուր Փաշայանին, օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին, օլիմպիական խաղերի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանին և ուրիշների:
Խաչատրյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով:
Եվ ահա, ցավակցական ուղերձ է հղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը.
«Մեծ կսկիծով տեղեկացա ըմբշամարտի անվանի մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի մահվան մասին:
Անուրանալի է նրա վաստակը մեր բազմաթիվ անվանի ըմբիշների կայացման և մարզական ձեռքբերումների գործում: Նրա սաներից են Բենուր Փաշայանը, Ռոման Ամոյանը, Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը: Երկար տարիներ նա եղել է մեծահասակների ու երիտասարդների հավաքականների գլխավոր և ավագ մարզիչ: Բոլորիս կողմից շատ սիրված մարզիչը երկար տարիներ կմնա թե իր սաների, և թե մարզասերների հիշողության մեջ:
Հայտնում եմ անկեղծ ցավակցությունս Հարություն Խաչատրյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին և հարազատներին»: