«Հիմնականում աշխատում ենք Հովհաննես Բաչկովի ու Կարեն Տոնականյանի վրա». բռնցքամարտի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսել է նախապատրաստական շրջանի մասին:
«Հավաքին մասնակցում է ամբողջ հավաքական թիմը: Այս ամիս հավաքականի 5 անդամներ Մախաչկալայում մասնակցելու են միջազգային մրցաշարի, սակայն մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է: Հիմնականում աշխատում ենք Հովհաննես Բաչկովի ու Կարեն Տոնականյանի վրա: Աշխարհի առաջնությանը մասնակցելու են լավագույն բռնցքամարտիկները: Իհարկե դժվար կլինի, բայց պետք է հաղթահարենք այդ դժվարությունները: Եվրոպայի առաջնությունում համաշխարհային բռնցքամարտի լիդերներն էին մասնակցում, բայց Բաչկովը կարողացավ գեղեցիկ կերպով հաղթանակներ տանել: Հուսով ենք, որ այս անգամ էլ ամեն ինչ լավ կստացվի»,-ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մեր մարզիկները Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Համբուրգ կմեկնեն օգոստոսի 21-ին: