Հայերեն   English   Русский  

Գյուղական ուսուցչի համեստ աշխատավարձից մինչև սեփական արտադրամաս


  
դիտումներ: 26937

Լոռու մարզի Մարց գյուղում հիմնված «Սոսե թի» խոտաբույսերի թեյերի և օրգանիկ ավելուկի արտադրությունը հիմնվել է ընդամենը 2017 թ. մարտին։

Բայց այս բիզնեսը գրավեց մեր ուշադրությունը որպես հաջողության պատմություն, ոչ թե գոյության այս կարճ ժամանակահատվածում հասած ինչ-որ արտասովոր հաջողության կամ յուրահատուկ լինելու համար, այլ իր հետաքրքիր, երկար ու ձիգ համբերատար ու քրտնաջան աշխատանքով հագեցած նախապատմության շնորհիվ։

«Սոսե թի» օրգանիկ թեյերի ու ավելուկի արտադրության հիմնադիր Անահիտ Աֆիցերյանը մինչև այս տարվա մարտ ամիսը, երբ դարձավ ավստրիական հիմնադրամի շահառու և նվեր ստացավ արտադրական սարքավորումներ արտադրություն հիմնելու համար, երկար ժամանակ պարզապես զբաղվում էր հայրենի մաքուր բնությունից օգտակար խոտաբույսերը հավաքելով ու վաճառելով։

«Հետագայում տեսա, որ կարող ենք շուկան ավելի ընդլայնել: Մինչ այդ համայնքի բնակիչներս հավաքած խոտաբույսերը հենց այդպես, առանց չորացնելու տեղի շուկայում վաճառում էինք։ Հետո մտածեցի, որ եթե օրգանական է՝ բացի հայկական շուկայից կարող ենք մտնել նաև եվրոպական շուկա և մեր արտադրանքն առաջարկել Եվրոպային: Հիմա հայկական օրգանական արտադրանքն իսկապես պահանջված է եվրոպացի սպառողի կողմից։ Այդպես, իմանալով ավստրիական գյուղատնտեսության զարգացման ծրագրի մասին, մենք էլ դիմեցինք, հետո պարզվեց, որ շահել ենք ծրագիրը: Դարձանք ՕԳԱՆ-ի շահառու և նրանց նվիրած սարքավորումների շնորհիվ արդեն կարողանում ենք և արտադրություն կազմակերպել»,- «Անկախին» պատմեց Անահիտ Աֆիցերյանը։

Եթե սկզբում խոտաբույսերի բիզնեսով զբաղվում էին միայն ընտանիքի անդամներով, ապա ներկայումս սեզոնի ժամանակ 12 հոգի է աշխատում: «Էկոգլոբի» կողմից սերթիֆիկացված տարածքներից անհրաժեշտ խոտաբույսերն են հավաքում, բերում նույնպես սերթիֆիկացված «Սոսե թի» արտադրամաս, ուր արդեն հումքը վերամշակվում, փաթեթավորվում ու ներկայացվում է սպառողին։

«Սկզբում աշխատում էինք սեփական միջոցներով՝ հնարավորինս խնայելով յուրաքանչյուր դրամը, ինչ-որ մեծ ներդրումներ էլ չէին պահանջվում, ընդամենը կիլոգրամով ուրց էինք ընդունում։ Իսկ դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև փաթեթավորման ու այլ անհրաժեշտ ծախսերի գումարները հայթայթում էի իմ աշխատավարձից: Ես դպրոցում եմ աշխատում, մաթեմատիկայի ուսուցչուհի եմ: Բայց արդեն բուն արտադրությունը կազմակերպելու համար, փառք Աստծո, հանդիպեցինք ՕԳԱՆ ծրագրին, որը մեզ հատկացրեց չորանոց ու փաթեթավորման սարք։ Իսկ սերթիֆիկացման հարցում սերթիֆիկատի գումարի մի մասը մենք վճարել էինք: Մասնակցեցինք գյուղական կյանքի փառատոնին, լավագույն սեղան մրցանակին արժանացանք ու ստացանք դրամական խրախուսում: Այդ գումարով էլ վճարեցինք մյուս մասը»,- պատմեց Անահիտ Աֆիցերյանը։

Երբ մեր զրույցը հասավ այն մտքին, թե Հայաստանում ֆինանսների բացակայությունը լուրջ խոչընդոտ է բիզնես սկսելու համար, մեր զրուցակիցն անմիջապես ընդհատեց ու ասաց, որ անձնական օրինակով կարող է ասել՝ բիզնես սկսելու համար ավելի շատ լավ ու մրցունակ գաղափար է պետք, քան գումար։

«Փող, իհարկե, անհրաժեշտ է, բայց եթե գաղափար չունենաս՝ ինչքան էլ փող ունենաս, միևնույն է, չես կարող նորմալ բիզնես սկսել»,- ասաց Անահիտ Աֆիցերյանը։

Նա հավելեց, որ իհարկե ոչինչ հեշտ չէ, անգամ իր փոքրիկ բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար իրենից հսկայական աշխատանք է պահանջվել՝ սկսած տուփերի դիզայնից ու ամեն ինչից, որ ինքնուրույն է արել՝ գումար խնայելով բիզնեսի այլ օղակներում ծախսելու համար։ Իսկ նրա տուփերը յուրահատուկ են՝ բուրգերի տեսքով։ Անահիտ Աֆիցերյանը մաթեմատիկայի ուսուցչուհի է, ու իր տուփերի համար ընտրել է հենց այդ երկրաչափական մարմնի մոդելը։ Պատվիրում է տուփերի ստվարաթուղթը, տանն էլ ինքնուրույն պատրաստում տուփերը, որոնց մեջ տեղավորվում են փաթեթավորված թեյերը։

«Ասում են՝ հարմար չէ, բայց գլխավորն այն է, որ մարդիկ այս անսովոր դիզայնի շնորհիվ ավելի արագ ու հեշտ կճանաչեն մեր արտադրանքը, քան եթե սովորական, ստանդարտ փաթեթավորում ունենար»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Ներկայումս իրենց 4 տեսակ թեյերից մոտ 100-ական տուփ կարողանում են արտադրել։ Արտադրում են ուրցի, դաղձի, ալոճի և լորենու ծաղիկներով թեյեր ու չորացրած ավելուկ։ Նախատեսում են նաև, որ մասուր կհավաքեն ու մասուրի թեյեր էլ կառաջարկեն շուկային։

Ուշագրավ է, որ անգամ գյուղական ուսուցչի չնչին աշխատավարձից՝ 40 հազար դրամից ինչ-որ փոքրիկ գումարներ խնայելով է Անահիտ Աֆիցերյանը բիզնես սկսել, քայլ առ քայլ, համբերատար հաղթահարել դժվարություններն ու ստեղծել արտադրամաս։ «Բոլոր դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելի են կամքի ուժի, համբերատարության շնորհիվ»,- նշում է «Սոսե թի»-ի հիմնադիրը։

«Եթե, օրինակ, մի ցուցահանդեսի ժամանակ մեր թեյերը չեն վաճառվում, դա չի նշանակում, որ վերջ, էլ երբեք չեն վաճառվի։ Մտածում ենք, որ միգուցե մարդիկ դեռ չեն ճանաչում կամ օրգանական սնունդ գնելու և օգտագործելու մշակույթը դեռ լավ չի զարգացել։ Բայց հաստատ գիտենք, որ եթե այս անգամ չվաճառվեց՝ հաջորդ անգամ կվաճառվի, այս տարի պահանջարկը թույլ է՝ հաջորդ տարի ավելի մեծ կլինի: Եթե զգում ենք, որ ինչ-որ բան գնորդին դուր չի գալիս՝ շտկում, կատարելագործում ենք ու փորձում նորովի ներկայացնել։ Համբերատար պետք է լինես»,- ասում է բիզնեսմեն ուսուցչուհին։

Նրա արտադրած թեյերը ներկայումս արդեն վաճառվում են Վանաձորում, Երևանում, Մոսկվայում, նախատեսում են առաջիկայում նաև Եվրամիության շուկայում ներկայացնել իրենց արտադրանքը։

«Բիզնես սկսելու համար մարդ պետք է ունենա մի քիչ բիզնես մտածելակերպ՝ գումար աշխատելու ցանկություն ու ձգտում,- շարունակում է Աֆիցերյանը։- Երբեք չպետք է մտածես, որ ինչ-որ մեկը քեզ ասի՝ այսինչ գործն արա, որ քեզ դրա համար վարձատրեմ: Դու ինքդ միշտ պետք է մտածես, թե ինչ անես, որ կարողանաս փող աշխատել, ինչ անես, որ հետաքրքրի մարդկանց։ Պետք է կարողանաս մտածել։ Չձախողվելու համար էլ պետք է ճիշտ հաշվարկել կարողանաս, իրատեսական հաշվարկներ անես»,- ասաց մեր զրուցակիցը՝ որպես հաջողության տանող հատկանիշ մատնանշելով նաև այն, որ բիզնեսմենը պարտադիր պետք է բարեհամբույր ու ազնիվ լինի, որպեսզի իր գնորդները կամ հաճախորդները չհիասթափվեն ու չհեռանան իրենից։ Բացի այդ, կամքի ուժ պետք է ունենալ, որպեսզի կարողանաս դժվար պահերը հեշտ հաղթահարել, չկոտրվել ու չնահանջել, պետք է պրպտող լինել։ Աֆիցերյանը համոզված է՝ բիզնեսմենի ձիրք սոսկ եզակի մարդկանց չի տրված։ Նրա կարծիքով՝ ցանկացած մարդ էլ կարող է բիզնեսմեն լինել։ Ամեն դեպքում, ըստ նրա, մարդ երբեք չպետք է բավարարվի եղածով, միշտ մտածի, որ եղածից ավելի լավն էլ կա, ու փորձի ավելի լավին հասնել, ավելի լավը ստեղծել, կատարելագործել, մշտապես զարգանալ ու վատատես չլինել:

«Լավատեսությունը շատ կարևոր բան է: Տեսե՛ք, ես նախորդ ցուցահանդեսի վաճառքի ժամանակ, երբ այնքան էլ լավ արդյունքներ չունեցա, հոռետեսության դեպքում պետք է ասեի՝ էլ ո՞ւր եմ գնում հաջորդ ցուցահանդեսին, նախորդին վատ արդյունք ունեցա։ Բայց լավատեսությունն օգնում է, որ ասես՝ նախորդը միգուցե վատ էր, բայց այս մեկը ավելի լավ է լինելու, պետք է գնամ։ Ու այդպես՝ պետք է գնաս և երբեք նախորդ ձախողման տպավորության տակ հոնքերդ կիտած չնստես, այլ մոռանաս ձախողումներն ու նոր եռանդով անցնես գործի։ Այդ դեպքում հաստատ հաջողություն կունենաս»,- եզրափակեց Անահիտ Աֆիցերյանը։

Եթե նա լավատես չլիներ, ապա այսօր «Սոսե թի» պարզապես չէր լինի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: