Տավուշի մարզում նախատեսվում է հիմնել մեքենատրակտորային պարկ և արևային էլեկտրակայան կառուցել
Առաջարկություն կներկայացվի շինարարության ոլորտում առկա թերությունների վերացման վերաբերյալ
Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը շինարարության ոլորտում վիճակագրական տվյալների թերությունների վերաբերյալ էր: «Համաձայն Քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով»,-նշել է վարչապետը:
Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ։
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի գնահատականներից մեկը. վարչապետ
Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած՝ «Գործարարությամբ զբաղվելը» 2018 թվականի զեկույցին, նշել է, որ այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է 9 կետով նահանջ: «Թեև զեկույցում, դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար։
Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք, որ միայն կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում, 79-րդից 73 տեղ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54 -ից 33 հորիզոնական զբաղեցնելը նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը։
Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտներում, որտեղ արձանագրվել է անկում՝ դատական և իրավական ապահովման ոլորտները, թույլտվությունների տրամադրման վարչարարությանը և այլն, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերի հիմնական հատվածն արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով»,-նշել է վարչապետը։
Ի լրումն նախորդ նիստում տրված՝ ծրագրային բարեփոխումների համար տեսանելի արդյունքների մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև՝ դրանց իրականացման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հստակ առաջարկություններ։ Նույն ժամկետում առաջարկություն կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի մասնակցության և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Գրավառուն պարտավոր է պատշաճ ձևով ծանուցել գրավատուին. օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում կսահմանվի պայմանագրային տուժանքի առավելագույն շեմ և չափ, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը և գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին: Օրինագծով նախատեսվում են, մասնավորապես, հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ ամրագրվում է գրավառուի պարտականությունը պատշաճ ձևով ծանուցելու գրավատուին (պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ) գրավի առարկայի` ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, պարտավորության մարման չափի, պարտքի մնացորդի մասին, նախատեսվում է պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափ, Ֆինանսական համակարգի հաշտարարին ևս ընձեռվում է պարտավորության խախտման հետևանքներին տուժանքի ակնհայտ անհամաչափ լինելու դեպքում այն պակասեցնելու իրավասություն:
Հավանության է արժանացել «Հարկային ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հարցում, հնարավորություն կընձեռվի թեթևացնել ՀՀ պետբյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը: Նախագծերի ընդունումը կնպաստի նաև վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ սահմանադրության պահանջներին: Փոփոխություններով կհստակեցվեն քրեական դատավարության շրջանակում բերված անձի դատավարական կարգավիճակի հետ կապված հարցերը, լրացուցիչ երաշխիք կներդրվի անձի հիմնական իրավունքների պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից: Ինչպես նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ դեպքերում անձը պարտավոր չէ ցուցմունք տալ:
Հավանության է արժանացել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Սահմանադրություն փոփոխությունների արդյունքում ՀՀ Նախագահի ինստիտուտի դերն էականորեն փոփոխվել է: Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահել ՀՀ վարչապետին:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրավական հենք՝ հանրապետությունում սկսած 2019 թ-ից լիարժեք ծրագրային բյուջետավորմանն անցնելու համար: Հիմքեր կստեղծվեն ՊՈԱԿ-ների կանխիկ ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության և միջոցների օգտագործման թափանցիկության բարձրացման համար:
Հավանություն է տրվել նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկ: Ըստ հիմնավորման՝ բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է տալիս ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային կատեգորիաները: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, մասնավորապես, հարկաբյուջետային կարգապահության և թափանցիկության բարելավման նպատակով հզորացնել պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում:
Մեկ այլ վարկային համաձայնագրի համապատասխան պայմանագրով նախատեսված պարտավորություններն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում: Հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել Կարգավարական կառավարման ու տվյալների հավաքագրման (SCADA)/էներգիայի կառավարման (EMS) համակարգերը և կառուցել պահուստային կարգավարական կառավարման կենտրոն (ՊԿԿԿ): Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Redinet CJSC (Հայաստան) և Siemens AG Osterreich (Ավստրիա)» կոնսորցիումի հետ կնքվել է SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման և ՊԿԿԿ-ի կառուցման պայմանագիր: Կնքված պայմանագրով անհրաժեշտ է կատարել կանխավճար:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ 2017 թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Կառավարությունը հավանություն է տվել Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգին: Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման նպատակն է լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքագրված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հստակեցնել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վերջնական հատկացման գաղափարը, պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը, սահմանել և ներդնել ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմներ՝ խթանելու ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման, խնդիրների կանոնակարգմանն ուղղված գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար: Նշվել է, որ հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիթորինգ, կրճատել ստուգումների քանակը: