Հայերեն   English   Русский  

Էրդողանն ու Պուտինը Ղարաբաղի շուրջ համաձայնության չեն եկել. Ադրբեջանցի քաղաքագետ


  
դիտումներ: 1020

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում 16 անգամ հաղորդակցվել են, որոնցից 12 անգամ՝ հեռախոսով, 4 անգամ՝ դեմ առ դեմ: Այն բանից հետո, ինչ թուրքական ՌՕՈւ-ն խոցել էր թուրքական ինքնաթիռը, երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են բարելավվել՝ գրեթե վերադառնալով նախկին հունին:

Երկու երկրների նախագահների՝ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Նախատեսված երեք ժամ հանդիպումը տևել է հինգ ժամ: Ինչպես հաղորդում է գործակալությունը, իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելուց առաջ Թուրքիայի նախագահը լրագրողներին հայտնել էր, որ բացի սիրիական հարցից, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից ու էներգետիկ ոլորտում համագործակցությունից՝ ինքը մտադիր է քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Ես այդ մասին կխոսեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետո, երբ հանդիպենք: Ղարաբաղյան խնդրի նկատմամբ նրա վերաբերմունքը շատ կարևոր է: Եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այս հարցի վրա, այն շատ հեշտ կլինի լուծել»,- նշել էր Էրդողանը, մինչդեռ հանդիպման ավարտից հետո այդ առնչությամբ նախագահները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Գործակալությունը նշում է, որ գաղտնիք չէ, որ տարածաշրջանի առաջնորդ երկրների նախագահների հանդիպումներն Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեն: Խոսքը ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ալև տարածաշրջանային առևտրական, տնտեսական և ռազմավարական կապերի մասին է:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ դժվար է հաջողված անվանել»,- կարծում է ադրբեջանական «Ատլաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն՝ խոսելով Ադրբեջանի վրա դրա ազդեցության մասին: Ըստ նրա՝ Էրդողանը չի կարողացել Պուտինից ստանալ իր ցանկացածը:

«Բանը նրանում է, որ Էրդողանն այս անգամ ցանկանում էր Պուտինի հետ քննարկել ամբողջովին այլ հարցեր: Մեկ շաբաթ առաջ նա ասում էր, որ ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Էրդողանն այն ժամանակ նշել է, որ եթե Պուտինը ցանկանա, հակամարտությունը կարող է լուծվել մեկ շաբաթվա ընթացքում:

Հնարավոր է, որ թուրք նախագահը հանդիպման ընթացքում քննարկել է Ղարաբաղյան հարցը, սակայն, ամենայն հավանականությամբ, Պուտինը բավարարվել է միայն ընդհանուր արտահայտությամբ և քննարկումը տարել է այլ հունով: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մամուլի ասուլիսի ժամանակ ոչ մի բառով չեն անդրադարձել Ղարաբաղին: Նշանակում է՝ չեն պայմանավորվել»,- նշել է քաղաքագետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: