Հայերեն   English   Русский  

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը չի ազդի ղարաբաղյան հակամարտության վրա. Լավրով


  
դիտումներ: 882

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումը որևէ կերպ չի ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Դա որևէ կերպ չի ազդում: Ղարաբաղյան հարցի կարգավորումը եզակի է նրանով, որ չնայած առկա բոլոր տարբերություններին, որոնք մեր միջև կուտակվել են ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների ռուսատյաց քաղաքականության շնորհիվ, Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը չի տուժել: Մենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր դիրքորոշում ունենք», - հայտարարել է Սերգեյ Լավրովը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ուսանողների հետ ունեցած հանդիպման շրջանակներում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը Մոսկվայի համար միջազային օրակարգում առաջնահերթություններից մեկն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: