Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում գողացել են ընդդիմադիր լրատվական կայքի գլխավոր խմբագրի համակարգիչները


  
դիտումներ: 5496

Նոյեմբերի 22-ի գիշեր 23-ի լույս ադրբեջանական « realliq.info» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Իքրամ Ռահիմովի տուն են ներխուժել անհայտ անձինք՝ գողանալով միայն նոթբուքն ու մոնիտորը՝ պրոցեսորի հետ միասին:

Ռահիմովը «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր տուն ներխուժման փաստն արձանագրել է միայն առավոտյան՝ տուն վերադառնալիս: Գողության ժամանակ տանը ոչ ոք չի եղել՝ նշելով, որ ներխուժողները, հավանաբար, նախօրոք իմացել են՝ իր տան անդամները հյուրընկալել են հարազատներին:

Լրագրողի տանը կտրել են ջրի խողովակները, էլեկտրական լարերը, տան դռներն ու դարպասները ներսից փակ են եղել:

«Չեմ կարծում՝ այդ քայլը սովորական գողության նպատակով է իրականացվել, քանի որ գողերը ձեռք չեն տվել պլազմային հեռուստացույցին և այլ իրերին: Գողացվել են հենց ինֆորմացիայի կրիչները, որոնցում պահվել են կոռուպցիայի, պաշտոնյաների ապօրինի գործողությունների մասին փաստեր, որոնք ես էի գրել»,- ասել է Ռահիմովը:

Վերջինս հավելել է, որ ֆեյսբուքյան իր էջը ջարդել են, և այն ներկայումս անհայտ անձի կողմից է օգտագործվում: Թերթի խմբագիրը կարծում է, որ բոլոր այս գործողությունների հետևում կանգնած են իշխանությունները:

Նախօրեին Կապի նախարությունն արգելափակել էր «realliq.info» և ևս 13 լրատվական կայքեր Մամուլի խորհրդի կոչի հիման վրա, որը ինտերնետային ռեսուրսներին մեղադրել է ռեկետի մեջ՝ դրանց ներառելով այսպես կոչված «սև ցուցակում»: Այդ կայքերը գրել էին Մամուլի խորհրդի կառավարման անդամների ապօրինի հարստացման, պաշտոնյաների կամայականությունների և կոռուպցիայի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: