Բռնցքամարտի հերթափոխը հուսալի է
Շուրջ 220 մասնակիցները ներկայացրին երկրի բոլոր մարզերը: Հասկանալի է, որ հայտավորվածներից մրցանակակիր դարձան քչերը: Գլխավորն այն էր, որ մասնագետների համար պարզ դարձավ հերթափոխի ընդհանուր մարզավիճակը:
Մրցաշրջանում անցկացված պատանեկան մրցումները ցույց տվեցին, որ ունենք արժանի փոխարինողներ ավանդույթներով հարուստ քաղաքներում: Խոսքը վերաբերում է մասնավորապես Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի, Արարատի, Սևանի, իհարկե նաև Երևանի մարզիկներին: Նրանք համեմատաբար հարուստ մրցափորձ ունեն: Շնորհալիներ կան նաև համայնքային մյուս բնակավայրերում: Բայց փաստ է և այն, որ ճկունություն, ճարպկություն, կամային բարձր որակներ ունեցող տղաների մոտ կաղում է տակտիկական գրագիտությունը: Այս մասին զրույցի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Լևոն Հովհաննիսյանը: Նա, ի դեպ, անցյալի նշանավոր գերծանրքաշային բռնցքամարտիկ Խորեն Ինջեյանի անձնական մարզիչն է:
Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ հարկավոր է նպատակային աշխատանքներ տանել այսօրվա հերթափոխի հետ և ուժային պայքարի փոխարեն նրանց սովորեցնել տեխնիկատակտիկական հնարքներ, որոնց քանակն անսպառ է: Ինչ վերաբերում է տակտիկային, ապա դա ավելի շատ անհրաժեշտ է հասուն տարիքի բռնցքամարտիկներին: Մարզիչները պետք է լինեն առավել հետևողական և անհատական մոտեցում ցուցաբերեն յուրաքանչյուր մարզիկին՝ հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց տալու համար:
Ինչպես ցույց տվեց մրցաշարը, նշված հարցերով շնորհակալ աշխատանք են կատարում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի մարզիչները, որոնց ղեկավարում է վաստակաշատ մասնագետ, միջազգային կարգի մրցավար, վաստակավոր մարզիչ, քոլեջի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:
Լավ նախաձեռնությամբ էր հանդես եկել քոլեջի ղեկավարությունը: Մրցաշարի ընթացքին հետևելու նպատակով հրավիրել էին քոլեջի առավել աչքի ընկած շրջանավարտ-բռնցքամարտիկներին, որոնք քոլեջում սովորելու տարիներին դարձել են աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների հաղթող և մրցանակակիր: Նրանց հանձնվեցին պատվոգրեր և հուշամեդալներ:
Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ քոլեջի ղեկավարությունը, հանձին տնօրեն Արմեն Գաբրիելյանի, ստեղծել է լավագույն և անհրաժեշտ բոլոր պայմանները մարզումներ անցկացնելու, սննդի, հանգստի և գիշերելու համար:
Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ