Պրոֆեսիոնալ բռնցքամարտը Տոկիոյի օլիմպիական ուղեգրեր նվաճելու ճանապարհներից մեկն է. Դավիթ Թորոսյան
Այս երեք բռնցքամարտիկները Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո, հավաքականի կազմում հանդես գալուն զուգահեռ, կարիերա են սկսել նաեւ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հասցրել են առաջին հաջողությունները գրանցել:
Դավիթ Թորոսյան. «Մարտ ամսից սկսած տղաները պրոֆեսիոնալ ռինգում տասնյոթ մենամարտ են անցկացրել եւ բոլորում էլ հաղթանակ տարել: Որեւէ մեկին հատուկ չեմ առանձնացնի, բոլորը լավ մարզավիճակում են եւ որակյալ բռնցքամարտ են ցուցադրում: Տասնյոթ մենամարտից միայն չորսն են մինչեւ վերջ ընթացել, մյուսներն ավարտվել են նոկաուտով: Ինձ, որպես հավաքականի մարզչի, ուրախացնում է նրանց առաջընթացը պրոֆեսիոնալ ռինգում, հաշվի առնելով, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) թույլատրել է մարզիկներին համատեղել երկու ռինգերը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհներից մեկն է դարձել: Մեզ համար դա առաջնային նպատակ է, այդ պատճառով էլ շատ կաշխատենք, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերենք եւ 2019 թվականին պայքարենք Տոկիո-2020-ի համար»:
Արամ Ավագյան (6 հաղթանակ՝ 4-ը նոկաուտով). «Վերջին մենամարտից առաջ Ծաղկաձորում հավաք անցկացրինք: Հասցրեցի լավ պատրաստվել, ռինգում կիրառեցի մարզչիս խորհուրդները եւ ժամանակից շուտ հաղթանակով ավարտեցի մարտը: Ապագայի պլանների մասին հստակ ոչինչ չեմ կարող խոսել, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է: Երբ պարզ դառնա, կհայտնեմ լրագրողներին»:
Գոռ Երիցյան (4 հաղթանակ, բոլորը՝ նոկաուտով). «Վերջին մրցակիցս Վրաստանի ներկայացուցիչն էր: Լավ տրամադրված էի մենամարտին եւ հասա անհրաժեշտ արդյունքին: Այնուհետեւ հավաքականի կազմով մեկնեցինք Լեհաստան՝ մասնակցելու սիրողական մրցաշարի, որտեղ եւս բարձր մակարդակով հանդես եկանք: Ոչ մեծ հանգստից հետո այժմ շարունակում ենք մարզվել: Ապագա մենամարտի հետ կապված ես նույնպես չեմ տիրապետում հստակ ինֆորմացիայի»:
Նարեկ Աբգարյան (7 հաղթանակ՝ 5-ը նոկաուտով). «Աստիճանաբար պետք է ավելի ուժեղ մրցակիցների դեմ պայքարենք: Փետրվարի 10-ին մենամարտ ունեմ ԱՄՆ-ն ներկայացնող լուրջ բռնցքամարտիկի հետ, որն ունեցել է 8 հաղթանակ, 2 պարտություն եւ մայրցամաքային վարկածներից մեկի չեմպիոնական գոտի: Շատ մանրակրկիտ պետք է պատրաստվեմ այդ մենամարտին»:
Բռնցքամարտիկների կարծիքով պրոֆեսիոնալ բռնցքամարտը շոու է, եւ նրանք արագ համակերպվեցին նոր պայմաններին: Ռինգում տղաներն իրենց վստահ են զգում: Հիմնական տարբերություններից մեկը, սիրողական բռնցքամարտի համեմատ, ռաունդների մեծ քանակն է, ինչն իր հերթին ազդում է մենամարտի ոճի եւ մարզական գործընթացի վրա՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր:
Արամ Ավագյանի, Նարեկ Աբգարյանի եւ Գոռ Երիցյանի գործերով պրոֆեսիոնալ ռինգում զբաղվում է ռուսական Punch Boxing Promotions կազմակերպությունը, որը գլխավորում է մեր հայրենակից Արամ Դավթյանը: