Հայերեն   English   Русский  

ՄԵՆՈՒԱ

​«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր» Լեո

դիտումներ: 14784

«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»

Լեո

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին:

Մենուան թագավորել է մ.թ.ա. 810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր:

Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա. 835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար: Եվ ահա նրա թագավորության օրոք հայոց արքան ու գահաժառանգ Մենուան մի քանի նշանակալից ռազմերթ են իրականացնում` մեծացնելով իրենց թագավորության սահմանները: Մասնավորապես` Վանի Արարատյան թագավորության զորքերն արշավանքներ են ձեռնարկում երկրի հարավարևելյան ուղղությամբ և այդ երկրները միավորում հայոց թագավորությանը: Վանի թագավորությունը սահմանակից է դառնում Մանա և Բարրշուա երկրներին, միաժամանակ ահեղ Ասորեստանին` արևելյան կողմից: Դա արդեն լուրջ մարտահրավեր էր Ասորեստանի թագավորությանը, քանզի այդ քայլով հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանում արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա:

Սակայն Իշպուինիի թագավորության ժամանակաշրջանում Ասորեստանը, որ տարված էր ներքին երկպառակությունների խնդիրներով, այդպես էլ չկարողացավ հակադարձել հայոց առաջխաղացմանը:

Երբ հոր մահից հետո հայոց գահին միանձնյա տիրում է Մենուա թագավորը, նա շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում:

Սակայն մինչ արտաքին նվաճումների գնալը, ապահովելով իր երկիրը ներսից, Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր:

Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Դրանք զարդարեց որմնանկարներով` աստվածների պատկերներով, ռազմի տեսարաններով...

Մենուան նաև կրոնական բարեփոխումներ իրականացրեց երկրում, ինչի շնորհիվ վերջնականապես ձևավորվեց հայոց աստվածների դիցարանը: Մենուա թագավորը կարգավորեց հայոց տոնացույցը. Համաձայն պահպանված արձանագրությունների` նա հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, ինչը, իրավամբ, Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է:

Այս ամենից հետո նա անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:

Արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:

Սակայն Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից կարևորագույնը, ինչ խոսք, Մանազկերտի կառուցումն էր: Այն Վանա լճի հյուսիսում հզոր ու ամուր քաղաք էր և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր ունեցավ հայոց պատմության մեջ: Ճիշտ է, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը մ.թ.ա. 2020 թ., սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ ձեռնարկումներ կատարեց, որ, իրավամբ, նրան կարելի է համարել Մանազկերտի շինարարության համահեղինակ, ինչը վկայում են բազում շինարարական արձանագրություններ, որ հայտնաբերվել են Մանազկերտում:

Ապա Մենուա արքան անցավ նվաճումների և ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Հաստատվելով հյուսիսում` Մենուա արքան իր սուրն ուղղեց դեպի արևմուտք և արշավանքներ ձեռնարկելով` ազատագրեց ու իր տերությանը միավորեց Ծուփանիու (Ծոփք), Ալզիի (Աղձնիք), Մելետայի (Մալաթիա) երկրները:

Ամրապնդելով իր տերության սահմանները հյուսիսում, արևելքում և արևմուտքում` նա արշավանքներ ձեռնարկեց նաև դեպի հարավ` Արարատյան թագավորության սահմանները հասցնելով Ասորեստանի սահմաններին, քանզի հայոց արքան արագ ռազմերթով նվաճեց Ասորեստանին սահմանակից բոլոր երկրները: Եթե մինչ Մենուայի թագավորությունը հայ-ասորական պատերազմների ժամանակ Հայաստանը միշտ պաշտպանական պատերազմ էր մղում, Մենուայից սկսած` հայոց բանակը նախահարձակ է լինում և Մենուայի տիրապետության տակ միավորում շատ հայկական երկրամասեր: Ավարտելով իր արշավանքը հարավում` Մենուան զորքով անցավ Եփրատն ու իրեն ենթարկեց Մելետինեի խեթական թագավորությունը` պատմության ասպարեզից վերացնելով այն:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց: Վանի թագավորության ողջ տարածքով ոռոգման կայուն ցանց ստեղծեց` զարկ տալով գյուղատնտեսությանը:

Նրա կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը (Շամիրամի առու) մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է, որ ջուր է մատակարարում Վանին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից: Ջրանցքի կառուցման հետ կապված` մեզ է հասել Մենուա արքայի թողած 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով...

Նա ջրանցքներ անցկացրեց նաև իր թագավորության մյուս շրջաններում,

այգիներով պատեց ողջ հայոց աշխարհը:

Արտամետ գյուղի մոտակայքում նա մեծ ու գեղեցիկ այգի հիմնեց, որ կոչեց իր դստեր անունով` Թարիրիախինելե, քանզի Թարիրիա էր թե՛ հայոց թագուհու, թե՛ հայոց արքայադստեր անունը: Սա վանեցիների ամենասիրած վայրերից էր, ուր մինչև հայոց ցեղասպանությունը շատերն էին ուխտի գնում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Վահե Անթանեսյան

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: