Հայերեն   English   Русский  

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ


  
դիտումներ: 1725

Ինտերնետի (համացանց) տված հնարավորությունները շատ են: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները Եվրոպայում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ հարցվածների 70%-ն ինտերնետից օգտվում է սոցիալական ցանցերի ու տարբեր խաղերի համար:

Հենց սոցիալական ցանցերի միջոցով են երիտասարդներից շատերը ծանոթանում, ընտանիք կազմում, ամուսնանում:

Սա, իհարկե, լավ է, բայց պատահում են նաև դեպքեր, երբ համոզվում ես, որ համակարգչից այն կողմ նստածը խորամանկ խաբեբա է ու քո անկեղծությունն օգտագործում է քո իսկ դեմ: Ներկայացվող պատմության հերոսների անունները փոխված են:

Զրույց odnoklassniki.ru-ում

Սմբատ Դ.-ն և Արմինե Վ.-ն իրար հետ ծանոթանում են «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում: Կարճատև ծանոթությունը վերածվում է բարեկամության, ու մի անգամ Արմինեն պատմում է, որ գոհ չէ ամուսնուց: Սմբատն էլ օգտվում է առիթից, փորձում է նրա հետ ինտիմ բնույթի զրույցներ վարել:

Որոշ ժամանակ անց Սմբատ Դ.-ն զանգահարում է Արմինեին, զրուցում են: Զրույցի ենթադրյալ թեմաները ծրագրելով՝ Սմբատ Դ.-ն քաղաքացուհու հետ խոսում է ինտիմ բնույթի թեմաներից և զրույցը գաղտնի ձայնագրում:

Նոր ծանոթուհուց Սմբատ Դ.-ն 3000 ԱՄՆ դոլար է պահանջում՝ միմյանց միջև ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով:

Քաղաքացուհու նյարդերը տեղի չեն տվել, և դիմակայելով բարոյական ճնշմանը` 3000 ԱՄՆ դոլարի փոխարեն Սմբատ Դ.-ի ծանոթուհու անվամբ Արմինե Վ.-ն փոխանցել է 1 դոլար։

Նոր ծանոթուհին չէր էլ կարող ենթադրել, որ իր զրուցակիցը ոչ միայն խարդախ երիտասարդ է, այլև արդեն իսկ ծանր հանցագործություններ կատարելու համար կրում է իր պատիժը քրեակատարողական հիմնարկում:

Քրեական գործ

Բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սմբատ Դ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետերի հատկանիշներով (շորթում, որը կատարվել է խոշոր չափերով):

Ամբաստանյալ Սմբատ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք տվել, որ պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում` ունեցել է բջջային հեռախոսներ, որոնց միջոցով կապ է հաստատել ծանոթների, բարեկամների հետ:

Սմբատ Դ.-ն «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է այլ անձի նկարով էջ, որի միջոցով նույնպես շփվել է ծանոթների և բարեկամների հետ, նաև՝ ծանոթություն հաստատել կայքում գրանցված տարբեր տարիքի աղջիկների և կանանց հետ:

Նշված կայքում ծանոթացել և շփվել է Արմինե Վ.-ի հետ, որին ներկայացել է այլ անունով, ապա շփումը շարունակել են նաև հեռախոսով:

Ամբաստանյալը թաքցրել է, որ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, և շփումների ընթացքում մտերմացել են: Արմինեն իրեն պատմել է իր անձնական կյանքից և դժգոհել ամուսնուց: Շփման ընթացքում Արմինեի հետ ունեցել են նաև ինտիմ բնույթի զրույցներ, որոնց մի մասն ինքը հեռախոսով ձայնագրել է: Ավելի ուշ Արմինեից պարտքով գումար է խնդրել, սակայն վերջինս հրաժարվել է իրեն գումար տալ, ինչից զայրացել ու սպառնացել է, որ կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի զրույցների ձայնագրությունը:

Ոչ թե 3000, այլ՝ 1000 ԱՄՆ դոլար

Ամբաստանյալ Սմբատ Դ.-ն պնդել է նաև, որ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծված էջը ջնջելու, իսկ ձայնագրությունները ոչնչացնելու դիմաց պահանջել է ոչ թե 3000, այլ՝ 1000 ԱՄՆ դոլար:

Տուժողը դատարանում հայտարարել է, որ չի կարող բացատրել, թե ինչպես են սկսել նրանց միջև ինտիմ բնույթի թեմաներով զրույցները:

2013 թ. սեպտեմբերի կեսերին՝ գիշերը, ամբաստանյալը զանգահարել է տուժողի ամուսնուն և խնդրել է հեռախոսը փոխանցել կնոջը:

Ամուսինը հասկանալով, թե զանգահարողն ով է, անջատել է հեռախոսը: Սմբատ Դ.-ն կրկին զանգահարել է ամուսնու հեռախոսահամարին և հայտնել, որ Արմինեն իր սիրուհին է: Ամուսինը բարկացել և ժամադրել է նրան, սակայն ինքը չի եկել ժամադրության վայր:

Ազատազրկում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրելու ընթացքում իր ծանոթ աղջկանից գումար կորզելու նպատակով սպառնալու, նրան վարկաբեկող տեղեկություններ, այդ թվում՝

«Օdnoklassniki.ru» սոցիալական կայքում կնոջ հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնոգրաֆիական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ և, ի վերջո, իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու համար Սմբատ Դ.-ն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 5 տարի 4 ամիս ժամկետով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: