Ծաղկաձորում կկառուցվի գերժամանակակից մարզահամալիր
Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50x25 մ), ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար հյուրանոցային երկու մասնաշենք: Մարզաձևերի յուրաքանչյուր կառույց ունենալու է իր շոգեբաղնիքներն ու ֆիթնես սրահները, որոնք հագեցած կլինեն ժամանակակից անհրաժեշտ մարզասարքերով:
Մարզահամալիրը միաժամանակ կսպասարկի ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձևերի ավելի քան 600 մարզիկի:
Կառուցվող օլիմպիական ավանում առանձին սենյակներ և լաբորատորիա կհատկացվի մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու, դոպինգ ստուգումների, վերականգնողական կենտրոնի համար: Առանձին սրահներ են նախատեսված մարզիչների համար, որտեղ մարզչական շտաբներն ուսումնամարզական հավաքների ընթացքում քննարկումներ կանցկացնեն, կդիտեն մրցակիցների ելույթների տեսագրությունները և ավելի արդյունավետ կկազմակերպեն նախապատրաստումը:
Նշենք, որ մարզահամալիրը սեփական միջոցներով կառուցելու է Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը նախնական հաշվարկներով ներդնելու է 25-30 միլիարդ դրամ: