Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման


  
դիտումներ: 3841

Հունվարի 23-ին ադրբեջանական Ղազախի շրջանային դատարանում շարունակվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըի նկատմամբ հարուցված քրական գործի առնչությամբ դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, դատախազը պահանջել էր Բայրամլըին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Վերջինս իր ելույթի ընթացքում կրկին հայտարարել է քրեական գործի քաղաքական բնույթ ունենալու մասին, սակայն դատավորը նրան թույլ չի տվել ավարտել իր ելույթը: Դատավորը խորհրդակցությունից հետո Գեզալ Բայրամլըին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

Գեզալ Բայրամլըն ձերբակալվել է 2017 թ-ի մայիսի 25-ին Վրաստանից վերադառնալիս: Համաձայն Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալների՝ Բայրամլըից բռնագրավվել է 12 հազար դոլար: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ «մաքսանենգություն» հոդվածով: Բայրամլըն հերքել է ներկայացված մեղադրանքը՝ այն քաղաքականապես մոտիվացված համարելով:

Հունվարի 5-ին Գեզալ Բայրամլըի գործով դատավարության ժամանակ վերջինս նշել է, որ իր կալանքը նախապես ծրագրավորված է եղել, և այդ գործողությանը պետական սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ միասին մասնակցել են նաև հատուկ ծառայությունները: Կալանքը համաձայնեցվել է երկրի քաղաքական ղեկավարության հետ:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշել է, որ դեռևս 2016 թ-ի հոկտեմբերին կանչվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ նախազգուշացվելով, որ եթե չդադարի «իր հակապետական հանցագործությունները», ապա կկալանավորվի:

Բայրամլըն նաև նշել է, որ իր նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը խստացվել է դեռևս 2010 թ-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ընտրություններին, լինելով պատգամավորի թեկնածու, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի հետ հեռուստատեսային բանավեճերում վերջինիս կառավարությանը մեղադրել է ստախոսության մեջ:

Բայրամլըի՝ Վրաստան կատարած վերջին այցի նախօրեին ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակել, որոցում նշված է եղել, որ նա, իբրև թե, լրագրող Աֆղան Մուխթարլըի և այլ անձանց հետ Վրաստանում հանդիպում է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ընդդիմության ֆինանսավորման համար գումար ստանալով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: