Հայերեն   English   Русский  

Միայն աշխատելը և փող կուտակելը հետաքրքիր չէ.երիտասարդ կամավոր


  
դիտումներ: 3014

«Եթե միայն ինքդ քեզ համար ապրես՝ կյանքն անհետաքրքիր կլինի: Ես էներգիա եմ ստանում, երբ ուրիշներին ուրախություն, ժպիտ եմ պարգևում։ Միայն աշխատելը և փող կուտակելը հետաքրքիր չէ։ Ես իմ կյանքն այդպես չեմ պատկերացնում»,

- ասում է 21-ամյա Գոհար Խաչատրյանը, որ չնայած երիտասարդ տարիքին՝ կամավորության մեծ ու բազմամյա փորձ ունի։

Գոհարը մասնագիտությամբ սոցիալական աշխատող է, ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «սոցիալական աշխատանք» բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի «սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում։ Սոցիալական աշխատողի մասնագիտությունը Գոհարը պատահական չի ընտրել. ասում է, որ լավ գիտեր աշխատանքի բնույթը և ցանկանում էր այդ ոլորտում աշխատել։

Նա ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է։ Փոքր տարիքում տիկնիկային թատրոնի խմբակ է հաճախել, որը տարբեր ծերանոցներով ու մանկատներով է շրջել, բեմադրություններ ներկայացրել։ Եվ Գոհարի մոտ աստիճանաբար հետաքրքրություն է առաջանում սոցիալական ոլորտի նկատմամբ։

Գոհարը նաև մաքոքագործության խմբակ էր հաճախում։ Եվ մի անգամ միտք է հղանում Մեծամորում գործող հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի սաներին սովորեցնել այն, ինչ ինքը գիտեր։ Խմբակ է ստեղծվում, որտեղ երեխաները միասին ձեռագործություն էին սովորում։

«Փոքր ժամանակ ուզում էի դերասանուհի դառնալ։ Բայց կամավորության ընթացքում հասկացա, որ ինձ դուր է գալիս շփվել տարեցների, երեխաների հետ, ընկերություն անել նրանց հետ։ Հաշմանդամություն ունեցող երեխաների «Ընտանիք և համայնք» կենտրոնում սոցիալական աշխատողներ կային, որոնց աշխատանքն ինձ հետաքրքրում էր։ Ու երբ ընտրության պահը եկավ, որոշեցի, որ ուզում եմ սոցիալական աշխատող դառնալ։ Սա այն մասնագիտությունն է, որ որքան էլ սովորես, եթե չունես համապատասխան բնավորության գծեր, երբեք չես կարող դառնալ սոցիալական աշխատող»,- ասում է նա։

Երկրորդ կուրսում Գոհարն ուսումնական պրակտիկա է անցնում «Առաքելություն Հայաստան» հիմնադրամում, սակայն այդքանով չի բավարարվում։ Առաջարկում է տարեցների համար գործող ցերեկային կենտրոնում պարային խմբակ ստեղծել։ Նրա առաջարկն ընդունվում է, և արդյունքում տևական ժամանակ գործում է պարային խմբակը։ «Զանազան փոքր միջոցառումների ժամանակ ելույթներ էինք ունենում։ Շատ ոգևորիչ էր»,- հիշում է Գոհարը։

Գոհարի կամավորական գործունեության ամենատևական փուլը, սակայն, կապված է Հայ օգնության ֆոնդի հետ։ Հիշում է՝ երբ նոր էր ընդունվել, չգիտեր՝ կգնա սովորելու, թե ոչ, քանի որ ուսման վարձը վճարելու խնդիր կար։ Սակայն ՀՕՖ-ի «Մաթևոսյան» կրթավճարի շնորհիվ կարողանում է սկսել իր կրթությունը ԵՊՀ-ում։ Գնահատելով իրեն տրված հնարավորությունը՝ նա հաջորդ տարի գերազանց առաջադիմության շնորհիվ անվճար համակարգ է տեղափոխվում՝ դառնալով «Գուլամիրյան» կրթավճարի շահառու։

«Շատ կարևոր է, որ նման պահին աջակցություն ունենաս։ Այլապես կարող էի չշարունակել կրթությունս, ու հիմա այս ամենը չէր լինի»,- ասում է նա։

Գոհար Խաչատրյան

Բարությանը բարությամբ փոխհատուցելու սկզբունքով Գոհարն առաջին կուրսից նաև ՀՕՖ-ի կամավորներից է։ Ասում է, որ մեծ ոգևորությամբ տարին մեկ անգամ Վանաձորի տարեցների տուն են այցելում, օգնում են միայնակ տատիկ-պապիկներին մաքրել իրենց սենյակները, կտրել ու հարդարել մազերն ու պարզապես զրուցում են նրանց հետ։ Իսկ ամռան ամիսներին Գոհարը որպես ջոկատավար ճամբար է մեկնում (անապահով ընտանիքների, ինչպես նաև սիրիահայ երեխաների համար ՀՕՖ-ը 20-օրյա ամառային ճամբար է կազմակերպում)։ «Մի քանի տարի սիրիահայ երեխաների ջոկատավարն եմ եղել։ Նրանց հետ աշխատանքն ինձ շատ էր դուր գալիս, ուստի երբ Երևան վերադարձանք, որպես կամավոր ընդգրկվեցի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժումում»,- ասում է նա՝ հավելելով, որ այդտեղ կիրակի օրերին սիրիահայ պատանիների հավաքներ են կազմակերպվում, միասին հետաքրիր հյուրեր են ունենում, ձեռագործ աշխատանքներ պատրաստում, պարում և այլ միջոցառումներ կազմակերպում։

Գոհարը նաև պատմում է, որ կամավորության շնորհիվ իրականացել է իր վաղեմի երազանքներից մեկը՝ հանդես է եկել Ձյունանուշի կերպարով։ Ամանորին Ձմեռ պապիկի հետ Երևանի թիվ 1 հատուկ կրթահամալիր են այցելել, նվերներ բաժանել, դպրոցի սաների հետ երգել, պարել, ուրախացել։ «Սև մազերիս ու աչքերիս պատճառով երբեք Ձյունանուշի դերն ինձ չի վստահվել։ Այս անգամ ես էի Ձյունանուշը՝ սև մազերով ու սև աչքերով»,- ժպտալով ասում է Գոհարը։

21-ամյա երիտասարդի կամավորական գործունեությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։ Նա նաև հասցնում է հեռակա կարգով մասնակցել իր հայրենի քաղաքի կյանքին, իր մասնագիտական հմտությունները ծառայեցնել սոցիոլոգիական հետազոտությունների իրականացմանը։

Այսքանի հետ նա նաև հասցնում է բուհում գերազանց սովորել, հաճախել ազգային պարերի, ընկերներին ու ընտանիքին ժամանակ հատկացնել։

Նրա խոսքով՝ հասցնելու գաղտնիքը ամեն ինչը սիրով անելն է, ժամանակը ճիշտ բաշխելը և կիսատ գործեր չթողնելը. «Երբ որևէ բան կիսատ ես թողնում՝ դա քեզանից էներգիա է խլում, անգամ եթե դա չես զգում»։

Իսկ ամեն բան հասցնելու մեծագույն մոտիվացիան ուրիշին ուրախություն պարգևելն է։ «Փոքր ժամանակ էլ ինձ համար են շատ լավ բաներ արել, Ձմեռ պապ, Ձյունանուշ տեսնելիս ինքս էլ եմ ուրախացել, ես էլ եմ ճամբարների մասնակցել: Իմ մանկության վառ հուշերը կապված են տարբեր ճամբարների, մրցույթների, միջոցառումների հետ, ուզում եմ, որ նման վառ հուշեր հնարավորինս շատ երեխաներ ունենան, իմ անցյալի ամեն լավ բանի համար փորձում եմ հատուցել ու նաև ձգտում եմ բացերը լրացնել իմ ձևով»,- ասում է նա։

Գոհար Խաչատրյան

Գոհարն ափսոսում է, որ մեր երկրում դեռևս կամավորության ձևավորված մշակույթ չկա, այն կրթության կամ աշխատանքային փորձի պես պարտադիր պահանջ չէ։

«Խոցելի խմբերի խնդիրները ոչ ոք չգիտի, ամեն մեկն իրեն փակել է իր տարածքում ու դրանից դուրս տեսնել չի ուզում։ Բայց մեզանից այն կողմ այլ աշխարհ էլ կա: Եվ կամավորությունը միակ հնարավորությունն է տեսնելու տարբերությունները և ընդունելու դրանք։ Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ ծերությունից, բռնությունից կամ մտավոր խնդիրներից, խոցելի խմբերին դուրս մղելով կամ որևէ հաստատությունում փակելով՝ խնդիրը չի լուծվում»,- ասում է նա՝ վստահություն հայտնելով, որ կամավորության մշակույթի ձևավորման պարագայում հասարակությունն առավել ներդաշնակ կլինի:

Գոհարը նաև վստահ է՝ ինքն այն ծնողներից է լինելու, որոնք իրենց երեխայի ձեռքից բռնած տարբեր սոցիալական հաստատություններ են գնում: «Իմ երեխան շփվելու է տարբեր սոցիալական խմբերի հետ։ Իսկ ես, եթե անգամ օրական 30 րոպե ազատ ժամանակ ունենամ՝ որևէ գործում իմ անշահախնդիր ներդրումն ունենալու եղանակը կգտնեմ, դա ինձ համար պահանջմունք է»,- ասում է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: