Հայերեն   English   Русский  

Մի քիչ վախեցած ենք, որովհետև վերջին տարիներին անհաջող քանդակների շարք առաջացավ քաղաքում. Հաղթանակ Շահումյան


  
դիտումներ: 1349

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարիչ Հաղթանակ Շահումյանը նշեց, որ առաջին մրցույթի ժամանակ շատ քիչ արձաններ էին ներկայացվել և համապատասխան թեկնածու չկար:

Հանձնաժողովում կային և կուսակցական անդամներ, և արվեստագետներ: Որոշում կայացվեց նոր մրցույթ հայտարարել: Արդյունքում ներկայացվեց ընդամենը 10-11 ասշխատանք: Քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ հաղթել է Դավիթ Մինասյանի ներկայացրած աշխատանքը:

Հաղթանակ Շահումյանը խոսքով՝ հույս կար, որ հետագա աշխատանքի ընթացքում այն կկատարելագործվի և կդառնա տեղի համար համապատասխան.«Ցավալիորեն կարճ էր երկրորդ մրցույթի ժամանակահատվածը և մարդիկ անգամ լիարժեք դիմաքանդակով չէին ներկայացել: Որոշում կայացվեց, որ հետագայում հանձնաժողովի անդամները շարունակելու են աշխատել հեղինակի հետ քանդակի ստեղծման ընթացքում»:

Նկարիչը նշեց, որ շրջանառվող լուսանկարում առկա տարբերակը հանձնաժողովին չի ներկայացվել, թեև նույն հեղինակինն է:

«Բնականաբար, հեղինակն իրավունք ունի ստեղծագործական պրոցես ապրելու, բայց սա լրիվ այլ բան է, այլ սկզբունք է, որովհետև գունային խնդիրներ են մտել, տեխնիկական հարցեր կան: Երևի այն պայմանավորվածության համար, որ հանձնաժողովի անդամների հետ պետք է աշխատել, ժամանակը չի հասունացել»:

Հաղթանակն Շահումյան ընդգծեց, որ ճնշող ազդեցություն ունի այն հանգամանքը ըստ որի՝ արձանը պետք է ավարտին հասցնել հոբելյանական օրերի համար, այն է՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակին՝ մայիսին: Դժվարություն է առաջացել ստեղծագործողի համար: Վերջապես կարելի է այնտեղ հուշաքար դնել և ժամանակ տրամադրել քանդակագործին, որպեսզի լիարժեք հնարավորություն ունենա պրպտելու, ստեղծագործելու, խորհրդակցելու:

Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ ի վերջո քանդակը բավականին լավ տեսք կունենա:

Նա բարձր է գնահատում նաև հասարակության ակտիվությունը: «Այս քննարկումները ցույց տվեցին, որ մարդիկ անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ: Մենք ուղղակի մի քիչ վախեցած ենք, որովհետև վերջին տարիներին անհաջող քանդակների շարք առաջացավ քաղաքում: Չեմ ուզում առանձին նշեց, որովհետև արդեն կայացած բաներ են դրանք: Այս քննարկումները կստիպեն, որ հեղինակներն ավելի զգույշ լինեն»,- նկատեց քանդակագործը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: