Հայերեն   English   Русский  

2015-ը ծանր տարի է լինելու. արտահանողների միության նախագահ


  
դիտումներ: 1411

Նոյեմբերին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նկատվել է արտահանման ծավալների նվազում 18 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

Մխչյանի գնահատմամբ Հայաստանում արտահանման համար լավագույն ճյուղերն են մնում են նույնը:

Դրանցից են հանքահումքային ապրանքները, որոնք կազմում են արտահանման ծավալի 60-65 տոկոսը:« Շատ սխալ է առանց վերամշակման հումքը արտահանել Եվրոպա: Վերամշակելուց հետո մեր երկրին դա ավելի մեծ օգուտ կտար: Դա գործարկելու համար պետք է լիցենզիա տալուց առաջ պայման դնել, որ վերամշակման գործարան կկառուցվի», - նշեց Մխչյանը

Երկրորդը` թեթև և սննդի արդյունաբերությունն է 25 տոկոս. մեծ ժողովրդականություն են վայելում հիմնականում խմիչքները` կոնյակ, գինի, կան նաև որակյալ հյութեր, որոնք էմոցիոնալ ազդեցություն են թողնում արտերկրում ապրող հայերի վրա:

Մեծ պոտենցիալ ունի նաև IT արտադրությունը:

«Արտահանման ծավալներով դժվար է զարմացնել աշխարհին, քանի որ Հայաստանը փոքր է ռեսուրսներ չունի: Հիմնականում հայկական ապրանքների սպառողները դրսում հայերն են», - ասաց Րաֆֆի Մխչյանը:

Անդրադառնալով տնտեսական իրավիճակին Արտահանողների միության նախագահը նշեց, որ վերջին 10 օրը արտահանումը մեծ վնասներ կրեց. «Մենք կորցրինք պայմանագրերը Ռուսաստանի հետ: Այս ամենի հիմնական պատճառը ռուբլու անկումն էր: Սակայն շատ կարճ ժամանակում հնարավոր է վերանայել այս ամենը: Այս առումով կարելի է առաջարկել, որ տնտեսական բոլոր հարաբերությունները կատարվեն դոլարով» , - ասաց Մխչյանը ` ընդգծելով որ բիզնեսը ինքն է թելադրում օրենքները, ոչ թե քաղաքականությունը:

«Ոչ ոք չէր մտածում, որ ռուբլին այդքան արագ անկում կապրի: Կային, իհարկե, տնտեսագետներ, որ կանխատեսել էին նման բան , բայց նրանց ոչ ոք չէր լսում: Դա ազդեց բոլորի վրա. և´ ռուսների, և´ հայերի, և´ գյուղատնտեսների, և´ արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց վրա: Ոչ ոք դրանում մեղավոր չէր: Պետք չէ կապել դա միայն Ռուսաստանում տեղի ունեցածի հետ, կան նաև ներքին խնդիրներ», - ասաց Մխչյանը:

Ըստ նրա` պետությունը կարող է ինչ-որ կերպ աջակցել այդ մարդկանց, փոխհատուցում տալ:

Նա շեշտեց, որ ամեն մեկը իր համար դաս քաղեց այդ իրավիճակից, պետք չէ զբաղվել սպեկուլյատիվ շահարկումներով. վիճակը դա ավելի վատթարեցրեց: Կենտրոնական բանկը իր գործիքները ի վերջո օգտագործեց և ժամանակավոր լուծում գտավ:

Անդրադառնալով ԵՏՄ-ին անդամակցությանը ` մխչյանը նշեց, որ շատ սպասելիքներ ունենալ պ-ետք չէ: «Շատ մարդիկ կարծում են, թե հունվարի երկուսին բացվելու են դրախտի դռները, ինչը ճիշտ չէ: Մենք արդեն բանակցում էինք նրանց հետ, ունեինք առևտրատնտեսական հարաբերություններ: Ոչ մի փոփոխություն չի լինելու, գուցե միայն թղթաբանական հարցերն ավելի հեշտ կատարվեն», - ասաց Մխչյանը:

Ըստ նրա` տնտեսական առումով 2015-ը բավականին ծանր տարի է լինելու. «Ես վախենում եմ, որ ավելի վատ բան կարող է լինել մեծը փոքրին ուտելու իմաստով: Եթե ինչ-որ ոլորտ զարգացած է Հայաստանում, բայց Ռուսաստանում կա դրա նմանատիպ ընկերությունը, նա կարող է հայկականին վերջ տալ: 2015-ը դժվար տարի է լինելու: Այսօրվա հետևանքները զգացվելու են մյուս տարի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ 1990-ականներն են վերադառնալու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: