Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդն արդեն գործելու է օրենքով, բայց կառույցի առջև դրված նպատակներն անփոփոխ են


  
դիտումներ: 4063

Խորհրդարանն այսօր հաստատեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը: Այսուհետ կառույցի գործունեությունը կարգավորվում է օրենքով, իսկ մինչ այդ ՀՀ նոր Սահմանադրության 161-րդ հոդվածով կառույցի գոյությունը երաշխավորվել էր նաև սահմանադրորեն:

Որո՞նք են Հանրային խորհրդի՝ օրենքով սահմանված գործառույթները

Վարչապետի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հանրային լսումներ կամ քննարկումներ` հասարակական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ, իրականացնել գործող օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի հասարակական փորձաքննություն և տալ եզրակացություն` ներառյալ դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները, իրականացնել հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության կողմից բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և դրանց արդյունքում տալ եզրակացություն, հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունների և շահերի միջև առկա հակասությունների բացահայտման նպատակով խորհրդակցություններ կամ քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և այլն:

Հանրային խորհուրդը գործունեության 9 տարիներին, ըստ էության, իրականացրել է այս գործառույթները՝ հենվելով կանոնադրության վրա:

Հանրային խորհուրդը նորություն էր մեր իրականության մեջ, չնայած աշխարհի շուրջ 70 երկրներում արդեն գոյություն ունեին համանման կառույցներ: Եվ ինչպես ցանկացած նորույթի, այնպես էլ այս կառույցի դեպքում հանրային ակնկալիքներն ինչ-որ իմաստով չափազանցված էին, եթե հատկապես հաշվի առնենք կառույցի ստեղծման ժամանակաշրջանը՝ 2008 թ. քաղաքական իրադարձություններից հետո երկրում ծայրաստիճան լարվածության ու անվստահության մթնոլորտը, նաև այն հանգամանքը, որ Հանրային խորհուրդը ղեկավարելու էր քաղաքական հարուստ կենսագրություն ունեցող և ընդդիմադիր պայքար գլխավորած գործիչ Վազգեն Մանուկյանը:

Խորհրդարանում «Հանրային խորհրդի մասին» օրենքի քննարկումների ժամանակ հնչեց այն միտքը, թե Հանրային խորհրդի ներկայացրած առաջարկները իշխանությունները չեն ընդունում: «Եթե իշխանությունները մեր բոլոր խորհուրդներն իրականացնեին, ես իշխանություններին կասեի՝ գնացե՛ք տուն, մենք կկառավարենք երկիրը»,- հակիրճ մեկնաբանեց Վազգեն Մանուկյանը:

Խոսվեց նաև այն մասին, թե Հանրային խորհուրդը չունի համապատասխան լիազորություններ, որպեսզի արդյունավետ գործունեություն իրականացնի: Լիազորությունների բացակայության մասին հարցը Վազգեն Մանուկյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Բայց Ազգային ժողովի ձեռքում է, թող լիազորություններն ավելացնի: Օրինակ՝ Ֆրանսիայում հանրային խորհրդին սահմանադրորեն տրված է մի այսպիսի իրավունք. եթե խորհրդարան պետք է մտնի մի հարց, որն ազդելու է ժողովրդի սոցիալական վիճակի վրա և կապված է տնտեսության հետ, ապա այդ հարցն անպայման մտնում է հանրային խորհուրդ, որտեղ հավաքված են բոլոր գործատուները, արհմիությունները, հասարակական գործիչներ, փորձագետներ: Այստեղ փորձում են կոմպրոմիս գտնել, ինչ-որ մի լյուֆտ է ստացվում, որ այդ շրջանակներում պետք է որոշում լինի: Հետո նոր դա մտնում է խորհրդարան: Դա արդեն մեծ լիազորություն է: Ռուսաստանում, օրինակ, ցանկացած որոշում, եզրակացություն, որ իրենց հանրային խորհուրդն ուղարկում է խորհրդարան, պետք է պարտադիր քննարկեն, իհարկե, կարող են մերժել, բայց չեն կարող անտեսել: Մեզ մոտ օրենքում գրված է, որ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդատվական մարմին է և որևէ գործառույթ` կապված ԱԺ-ի հետ, չունի»:

Այնուամենայնիվ, վերհիշենք, թե 2008 թվականի հուլիսի 13-ի հրամանագրով ստեղծված ՀՀ Հանրային խորհուրդը, որը պաշտոնապես սկսեց գործել 2009 թվականից, ինչ հիմնական նպատակներ էր հետապնդում, և արդյոք այդ նպատակներն իրականացե՞լ են:

Հանրային խորհրդի հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանն ազդելու իշխանության քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Այս նպատակը, անշուշտ, Հանրային խորհուրդն իրականացրել է: Որպեսզի ասվածն առարկայական լինի, նշենք մի քանի օրինակ: Մեր երկրի ջրային ռեսուրսների, մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի անխնա օգտագործման խնդիրը ՀԽ-ն հետևողականորեն բարձրացրել է սկզբնավորման օրվանից: Ներկայացվել են ձկնաբուծական տնտեսություններում ջրի փակ և կիսափակ համակարգերի անցման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ: Արդյունքում խնդիրն ամբողջովին լուծվել է: Ընդ որում, հարկ է նշել, որ այդ հարցի լավագույն գիտակ, ՀԽ անդամ Յուրի Ջավադյանի հետ ոլորտի խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը հաճախ է հաշվի նստում: Հանրային խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է հայտնել «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի խնդրահարույց նախագծի վերաբերյալ, արդյունքում օրենքի ընդունումը կասեցվել է: Քաղաքացիական հասարակության ինստիտուտներին վերաբերող օրենսդրական մի շարք նախաձեռնություններում հաշվի են առնվել Հանրային խորհրդի առաջարկներն ու դիտողությունները («Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ», «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և այլն): «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի քանդման հարցը Հանրային խորհրդում քննարկվել է բազմիցս: ՀԽ-ն բացասական դիրքորոշում է հայտնել շենքի քանդման վերաբերյալ և ներկայացրել շենքն ամրացնելու և օգտագործելու արդյունավետ առաջարկներ: Քանդման գործընթացը գոնե ժամանակավորապես կասեցվել է: Նույնն էլ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարագայում:

Նման օրինակները շատ են, սակայն թերևս ավելի կարևոր է կենտրոնանալ ոչ թե կոնկրետ օրինակների վրա, այլ այն դերակատարման, որ Հանրային խորհուրդն ունի իբրև հակադիր կողմերի միջև ծառայող հանրային հարթակ, որտեղ ձևավորվում է բանավիճային մշակույթ, բախվող շահերի և հակադիր կարծիքների միջև փոխզիջում գտնելու հնարավորություն, պետական կառույցների ու հանրության միջև փոխգործակցելու ավանդույթներ, խնդիրները բարձրաձայնելու քաղաքակիրթ ճանապարհ, որոնք էլ, ի վերջո, նպաստում են մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը: Իսկ քաղաքացիական հասարակության գոյությունից են բխում արդեն մյուս խնդիրները, որոնք դրված են Հանրային խորհրդի առջև. պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացում, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցություն, կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորում, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտում և այլն:

Լինելով ապաքաղաքականացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա: Սա նույնպես կարևոր փաստ է, քանի որ շատ քաղաքացիների մինչ օրս թվում է, թե Հանրային խորհրդի անդամներն ու հանձնաժողովներում ընդգրկված անձինք վարձատրվում են պետական բյուջեից:

Հանրային խորհրդի կազմում ընդգրկված են այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսիք են, օրինակ, Հենրիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Յուրի Ջավադյանը, Կարինե Դանիելյանը, Էդուարդ Ղազարյանը և այլք: Մարդիկ, որոնք իրենց ոլորտի գիտակն են, հեղինակություն են վայելում հանրության շրջանում, որոնց խոսքը ազդեցիկ է նաև իշխանությունների համար:

Ուստի եզրահանգումը, թե Հանրային խորհուրդը զուտ խորհրդակցական մարմին է, այդ պատճառով չի կարող դերակատարում և ազդեցություն ունենալ, մեղմ ասած՝ պարզունակ է: Խորհուրդների պարտադիր ուժ չունենալը դեռ չի նշանակում, որ դրանք ազդեցություն չեն գործում վերջնական որոշումների վրա: Այլ հարց է, որ մեր երկրում առայժմ թերի է խորհուրդներն ուղղակիորեն ընդունելու մշակույթը, քանի որ դա երբեմն համարվում է թուլության նշան: Բայց սա էլ ժամանակի հարց է: Մյուս կողմից էլ, ուղղակի թե անուղղակի, ի վերջո, կարևորը խնդիրների լուծումն ու մեր երկրի զարգացումն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: