Ինչպես լրագրողը մի օր որոշեց «վաճառել» իր հոբբին
Նրա այդ մոտեցումը ժամանակի ընթացքում դարձել է հոբբի, ու նա սկսել է նվերների համար նախատեսված գեղեցիկ տուփեր պատրաստել: Բայց 2016 թվականի վերջին՝ դեկտեմբերին, Թագուհին որոշեց ոչ միայն իր անձնական կարիքների համար գեղեցիկ ու ոճային տուփեր պատրաստել, այլև իր հոբբիի արդյունքները նաև վաճառել: Բացեց ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրեց նախկինում իր պատրաստած գեղեցիկ տուփերի լուսանկարները:
«Միշտ սիրել եմ ինչ-որ մեկին նվեր տալիս այն մատուցել գեղեցիկ փաթեթավորած, հետաքրքիր եղանակով: Հիմնականում ամանորյա տոներին, երբ նվերներ էի իմ հարազատներին մատուցում, այն պետք է այնպես գեղեցիկ փաթեթավորված լիներ, որ առաջին իսկ հայացքից ուրախացներ նվեր ստացողին: Ու իմ կարծիքով՝ ամենահասարակ նվերը հնարավոր է հետաքրքիր դարձնել. եթե երևակայությունդ գործում է, փորձում ես դա անել յուրահատուկ ձևով: Եղավ մի պահ, երբ սկսեցի մտածել տուփերի մասին. Շատ դիզայներական խանութներ եմ այցելում, այդ ոլորտն ինձ միշտ հետաքրքրել է, ու նկատում էի, որ լավ, որակյալ տուփերի գները, որոնք մի քիչ տարբերվում էին, 3-4 հազար դրամից էին սկսվում, իսկ այն տուփերը, որոնք համեմատաբար մատչելի են, չինական, շարային տուփերն են, որոնցից ամենուրեք լիքն են: Որոշեցի ստեղծել մի բան, որը կլինի և՛ մատչելի, և՛ գեղեցիկ ու նորաոճ, և՛ հետաքրքիր»,- «Անկախին» պատմեց Թագուհի Մելքոնյանը:
Այսպես նա իր տուփերի համար մտածեց «Քուին էքսպրես», (Queen express) անունը: Քուինը՝ անգլերեն՝ թագուհի, խորհրդանշում է իր անունը, իսկ էքսպրեսը՝ արագությունն ու հասանելիությունը: Արդեն 2016 թ. դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին, դրանք ներկայացրեց ֆեյսբուքյան իր էջում: Նա նշում է, որ դիզայնն իր համար միշտ հոբբի է եղել, սիրած զբաղմունք, ու երբևիցե չի մտածել, որ դրանով հնարավոր է ինչ-որ գումար աշխատել կամ ինչ-որ բիզնես ծրագիր կազմել ու իրագործել: Բայց այս անգամ որոշեց փորձել: Սկսեց հասարակ կոշիկի տուփերից՝ հնարավորինս քիչ ծախսեր անելով: Նշում է, որ երբեք կոշիկի տուփը դեն չի նետել, քանի որ միշտ էլ մտածել է, որ կոշիկի տուփից հնարավոր է ստանալ տարբեր չափերի ու ձևերի հետաքրքիր տուփեր: Բացի կոշիկի տուփերից, իրենց տանը եղած հին ստվարաթղթե արկղերից, որոնք մնացել էին հեռուստացույցից կամ այլ կենցաղային իրերից, սկսեց հետաքրքիր տուփեր պատրաստել ու դրանք գեղեցիկ ձևավորել: Դիզայնի որևէ դասընթացի էլ չի մասնակցել, ամեն ինչ ինքնուրույն է սովորել, քանի որ միշտ էլ սիրել է ձեռքի տակ եղած «անպետք» իրերից գեղեցիկ իրեր ստանալ:
«Գումար ծախսել եմ ստվարաթղթի, սոսնձի, դեկորատիվ պարագաների վրա: Չնչին գումար է եղել՝ մոտ 5000 դրամ, որ ներդրեցի ու որոշեցի տուփեր պատրաստել: Սկզբում սկսեցի նկարել, ֆեյսբուքյան էջ բացեցի ու այդ նկարները գցեցի ֆեյսբուքյան էջ, այնտեղից արդեն տարածվեց: Ֆեյսբուքում իմ տուփերը շատ մեծ արձագանք ստացան ու իմ պատկերացրածից շատ պատվերներ եղան: Ես կարծում էի, որ ամենաշատը 10 պատվեր կունենամ, բայց առաջին մի քանի օրվա մեջ մոտ 5-6 անգամ ավելի շատ պատվերներ ստացա: Նոր տարվան մոտ 10-15 օր ժամանակ էր մնացել, բայց քանի որ ներկայացրել էի, մարդիկ էլ պատվիրել էին, պետք էր պատրաստել ու հասցնել, ու այդ ժամանակ ինձ շատ օգնեց եղբայրս, որ հիմա զինվոր է: Եղբայրս գծում էր ստվարաթղթի վրա, ես փակցնում էի դետալները: Տուփերը հասնում էին ցանկացողներին: Ու երբ նրանք տանում էին, արդեն նրանց ծանոթները, բարեկամներն ու ընկերներն էլ էին իմանում, որ այսպիսի տարբերվող տուփեր կան, որոնցից խանութներում չես գտնի»,- հիշում է մեր զրուցակիցը:
Սա արտադրություն չէ, ոչ էլ, ըստ էության, բիզնես, այլ գեղեցիկ հոբբի, սիրած զբաղմունք, որի արդյունքը՝ գեղեցիկ իրերը, նաև վաճառվում է ցանկացողներին: Ու քանի որ Թագուհու հոբբիի արդյունքներն այդպիսի մեծ արձագանք գտան, նա էլ որոշեց պարբերաբար պատրաստել այդ տուփերը՝ ըստ թեմաների, ըստ տոների ու ներկայացնել հետաքրքրվողներին:
«Իմ ցանկությունն այն էր, որ ստեղծեմ մի բան, որը հասանելի լինի բոլոր շերտերին, այլ ոչ միայն նրանց, ովքեր համեմատաբար ապահովված են: Եվ ուզում էի, որ մեզանում էլ լինի գեղեցիկ փաթեթավորումով նվիրելու մշակույթը, որ ոչ թե միայն տոներին իրար նվերներ տան, այլ ցանկացած առիթով փորձեն իրար ուղղակի հաճելի անակնկալներ մատուցել: Նոր տարվա թեմայով տուփերից հետո հաջորդ խոշոր առիթը հենց մարտի 8-ն էր: Որոշեցի փոքրիկ տուփեր պատրաստել՝ շատ մատչելի. մեկ տուփը մարդիկ կարող էին ձեռք բերել 500 դրամով: Դրա մեջ նաև կոնֆետներ էի դրել: Այսինքն՝ այդ տուփերը հասանելի էին բոլորին՝ թե՛ թոշակառուներին, թե՛ տնային տնտեսուհիներին, թե՛ աշակերտներին և ուսանողներին, բոլորին»,- նշում է Թագուհի Մելքոնյանը:
Բայց մի խնդիր կար: Թագուհին ակտիվ լրագրող է, իսկ լրագրողի աշխատանքը չֆիքսված գրաֆիկով, չֆիքսված ռեժիմով ստեղծագործական աշխատանք է, գեղեցիկ տուփեր պատրաստելը նույնպես գրաֆիկով կամ ռեժիմով հնարավոր չէ, դա էլ ստեղծագործական աշխատանք է, և մասնագիտությունն ու սիրած զբաղմունքը համատեղելը երբեմն դառնում է անհնար:
«Սկզբնական փուլում ստիպված եմ եղել գիշերները պատրաստել, իմ հանգստի հաշվին: Եթե սա հոբբի չլիներ, հաստատ չէի կարող անել, չէի կարող արդյունք ստանալ: Ես իրավական ոլորտ լուսաբանող լրագրող եմ, այսինքն՝ օրվա ընթացքում այնքան դեպքերի, իրադարձությունների, բացասական երևույթների, նեգատիվի եմ ականատես լինում, այնքան բացասական ինֆորմացիա ու էներգիա եմ ստիպված լինում կլանել... Այդ ամեն ինչից ձերբազատվելու հարցում երևակայությունն ու ստեղծագործականությունը օգնում են, որ օրվա ամբողջ բացասական էներգիան, լիցքերը չեզոքացվեն: Լինում են դեպքեր, երբ միանգամից մի քանի տասնյակ կամ հարյուր տուփ են պատվիրում: Բայց ես, բնականաբար, հրաժարվում եմ, որովհետև մենակ եմ ամեն ինչ անում, չեմ հասցնում, բացի այդ, ինձ համար շատ ավելի հաճելի ու ցանկալի է մեկ տուփի վրա աշխատելուն ավելի շատ ժամանակ հատկացնել, մտածել ու ստեղծագործել, քան փորձել քանակ ապահովել: Ես ջանում եմ, որ իմ պատրաստած իրերը լինեն իսկապես տարբերվող»,- եզրափակում է լրագրող-դիզայները: