Բարեխղճորեն կատարեք ձեր պարտականությունները և ձեզ անպայման կնկատեն. Յուրի Խաչատուրովի խորհուրդները սպաներին.Թերթ.ամ
Յուրի Խաչատուրովը սպաներին հորդորեց երբեք չփնտրել հովանավորների՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ժողովրդական արտիստների և այլ մարդկանց շրջանակում՝ ծառայության մեջ ունեցած դիրքը փոխելու համար:
«Փորձեք բարեխղճորեն կատարել ձեր պարտականությունները, և ձեզ անպայման կնկատեն ձեր հրամանատարները: Եթե այս ամբողջ ընթացքում որևէ մեկն է ինչ-որ տեղ է ձեզ անընդհատ «բրթել», «տաք տեղում է դասավորել», այդ ամբողջը ժամանակավոր է, բոլորը այդ մասին գիտեն, որ դուք արժանի չեք, ուղղակի գրավել եք այդ տեղը: Նկատի ունեցեք, որ նույնիսկ ամենավատ, անհաջող հրամանատարը միշտ գնահատում է ջանասեր զինվորականին ու միշտ գնահատում է այն սպաներին, որոնք առավոտից իրիկուն օգտակար գործով են զբաղվում: Համբերե՛ք ու սպասե՛ք մինչև ձեզ կնկատեն, անպայման կնկատեն, եթե իսկապես առավոտից երեկո օգտակար գործով զբաղվեք»,-ասաց նա:
ԶՈւ գլխավոր շտաբի պետը հորդորեց երբեք չգնահատել վերադասներին, փոխարենը գնահատել ենթականերին:
«Երբ սկսում ես գնահատել վերադասներիդ, վերածվում ես քաղաքական գործչի ու շուտով կգնաս միտինգների... Յուրաքանչյուր ղեկավար իր ղեկավարն ունի: Երբեք մի ընտրեք ծառայության համար տաք տեղեր, գնացեք ծառայելու այնտեղ, որտեղ ձեզ ուղարկում են և վերցրեք անպայման ձեզ հետ ձեր ընտանիքին. առաջին հերթին ընտանիքի հետ հեշտ է ծառայել, դա ամրացնում է ընտանիքը: Իսկ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ամուսնացել, անպայման ընտրեք այնպիսի աղջիկների, որոնք ձեզ հետ կգան մեր հայրենիքի ցանկացած շրջան»,-ասաց նա:
Վերջում հորդորեց բոլորին հավաքել իրենց շուրջ ոչ թե կեղծավոր մարդկանց, այլ ուժեղ, ինքնուրույն, սեփական կարծիք ունեցող սպաների:
«Քծնողները երբեք օգտակար չեն եղել ո՛չ Հայաստանի, ո՛չ հանրության համար: Ձեզ կարող է մի քիչ հաճելի լինել, երբ ձեզ գովեն, բայց գործերը երբեք դրանից առաջ չեն գնա: Նրանք առավոտից երեկո ձեզ կգովեն, և դուք կկորցնեք աշխատելու ընդունակությունը, հետո կկորցնեք ամեն ինչ: Սովորեք համբերել, սպասել, ապրել հեռանկարով, ոչ մի դեպքում հոռետես մի դարձեք, հավատացեք մեր երկրի լավ ապագային»-ասաց նա: