Լոռու ԲՀԿ-ական մարզպետի ու ՔՊ-ական փոխմարզպետի միջև առաջին իսկ օրվանից հակասություններ կան.Կարինե Սիմոնյան
ՖԲ -յան գրառում
Այսօր Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրեց իր նորանշանակ տեղակալ, ՔՊ կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանին, ով արդեն երեկվանից սկսել է աշխատանքը: Իր աշխատանքային առաջին օրը Ղուկասյանը սոցցանցերում հրապարակեց աշխատասենյակի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ.
«Այ այսպիսի տեսք ունի իմ աշխատասենյակը: Առանց սեղան և մինիմալ հարմարության: Դիմավորեցին ինձ այսպես, հետևությունները թողնում եմ Ձեզ: Սակայն սա արագ կարգավորելու խնդիր է: Խնդիրները հետո են առաջանալու, բայց ոչ ինձ համար»:
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի համար անհասկանալի էր նորանշանակ փոխմարզպետի այդ քայլը, առավել ևս՝ նկարը սոցցանցերում տարածելը: «Այսօր մարզպետարանի բոլոր աշխատասենյակներում շրջեք, տեսեք ինչ վիճակ է: Ես ինքս նման կերպ չէի վարվի, առավել ևս՝ եթե ես ունեմ այդ հնարավորությունները, ու կարամ բերեմ այդ գույքը դնեմ, ես չէի անի»,- ասաց Մարգարյանը:
Ղուկասյանն իր հերթին հակադարձեց՝ հնարավորություն ունի սեփական միջոցներով իր աշխատասենյակը կահավորելու, բայց չի պատրաստվում այդպես վարվել: «Ես դա նորմալ չեմ դիտարկում, որովհետև սա պետական հիմնարկ է, սա ինչ-որ մեկի ՍՊԸ-ն չի, կամ ԱՁ-ն չի: Դրա համար ես չեմ պատրաստվում… ինչ գույք որ կտրամադրվի ինձ, ես պատրաստ եմ այդ գույքով աշխատել»,- ասաց ՔՊ-ական փոխմարզպետը:
Այդուհանդերձ՝ թե՛ մարզպետ Մարգարյանը, թե՛ մարզպետի տեղակալ Ղուկասյանը վստահեցնում են, որ իրենց հարաբերությունները լարված չեն: Մարգարյանի պատկերացմամբ՝ աշխատանքային պարտականությունները պետք է հստակ լինեն. «Այսինքն՝ օրենքի կետին համապատասխան, օրենքի շրջանակում, ի պաշտոնե՝ մարզպետ-փոխմարզպետ հարաբերություններով: Հանձնարարականները հստակ կտրվի, հանձնարարականներով մարդիկ կաշխատեն: Ինձ թվում է՝ հակառակը չի լինելու, որ ես հանձնարարականներ ստանամ»:
Անդրեյ Ղուկասյանն էլ ասում է՝ իր գործելաոճին համապատասխան է աշխատելու. «Մարզպետի տեղակալին հրամանով նշանակում է ՀՀ վարչապետը, սա քաղաքական պաշտոն է, հետևաբար ես չեմ պատրաստվում նույն գործելաոճը որդեգրել, ինչ-որ մարզպետը, այդպես չի լինելու: Ես աշխատելու եմ իմ ոճով, և ժամանակը ցույց կտա՝ դրանք տարբեր կլինեն, թե կլինեն նույնը»: