Հայերը դարերով քարից հաց են քամել, քարից արվեստի գործեր ստեղծել, բերդ ու քաղաք, վանք ու կամուրջ կառուցել: Ինչեր ասես, որ չեն արել քարից: Իսկ հիմա արդեն քարից թել են «քամում»` ապագայի հումք: Արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանում գործում է «Արգել» ՓԲԸ-ն, որտեղ քարաշատ Հայաստանի ամենահաճախ հանդիպող հումքերից` բազալտից մանրաթել են ստանում: Հետո այդ մանրաթելը վերածվում է ամրանի, ամրալարի, ցանցի, խողովակի, գործվածքի: